Հայաստանյան 10-ից ավել ԶԼՄ֊ների խմբագիրներ այսօր Ազատության հրապարակում ստորագրահավաք են կազմակերպել՝ դատապարտելով հուլիսի 29֊ին Սարի Թաղում լրագրողների վրա հարձակումը և պահանջելով պատժել նրանց նկատմամբ բռնություն կիրառած անձանց։ Ստորագրահավաքին միացել է նաև ՀՀ Ոստիկանության «02» շաբաթաթերթը։ Նշենք, որ այդ օրը բազմաթիվ լրագրողների ծեծի են ենթարկել, նրանց վնասվածքներ են հասցրել ոստիկանները՝ ինչպես համազգեստավոր, այնպես էլ քաղաքացիական հագուստով։
Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դատապարտում է բռնությունները, չնայած ինքը որպես Ոստիկանության մամուլի լրատվական բաժնի ղեկավար չի կարող ստորագրել այդ հայտարարության տակ, քանի որ լրագրող չէ․ «Սակայն «02»֊ը ստորագրել է։ Մի մոռացեք, որ իմ՝ «02»-ի, օպերատորը հրազենային վնասվածք է ստացել», ֊ Ազատության հրապարակում իր ներկայությունը բացատրել է Աշոտ Ահարոնյանը։
Ահարոնյանն ընդգծել է, որ լրագրողների նկատմամբ բռնությունները վերջին տարիներին լինում են միայն ցույցերի ժամանակ։
«Լրագրողն իր հրապարակումների համար բռնության չի ենթարկվել, ես նման դեպք չեմ հիշում։ Արտակարգ իրավիճակներում, երբ կան չարտոնված հանրահավաքներ, հնարավոր է, որ լրագրողները վնասվածքներ ստանան, դա ամբողջ աշխարհում ընդունված է», ֊ ասել է Ոստիկանության ներկայացուցիչը։
Լրագրողների նկատմամբ բռնությունը դատապարտելու էին եկել նաև մի շարք պատգամավորներ։ Epress.am-ի հարցին, թե ինչպես է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում Ոստիկանության «02» շաբաթաթերթի՝ ԶԼՄ֊ների խմբագրերի պահանջին միանալը և ոստիկանության բռնությունները դատապարտելը, նա պատասխանել է․
«Եթե «02» թերթը գրեր, որ այդ միջոցառումներին մասնակցել են Ոստիկանության պետի թիկնազորի ամենահայտնի 2 անդամները և նրանց ներգրավվմամբ է կրիմինալը մասնակցել այդ պրոցեսին, գուցե, դա հասկանալի կլիներ։ Ես կարծում եմ՝ «02»-ի համար ավելի ճշգրիտ քայլ կլիներ էդ օրվա իրադարձությունների ճշգրիտ լուսաբանումը, որը շատ ավելի խոսուն կլիներ, քան ցանկացած ստորագրություն»։
Նշենք, որ խմբագիրների պահանջագրի մեջ ասվում է․ «Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը և մոռանալու հորդորները (Սերժ Սարգսյանը կոչ էր արել լրագրողներին մոռանալ Սարի թաղում տեղի ունեցածը֊խմբ․)՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ են գործնական և տեսանելի քայլեր: Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն»։
Ստորագրահավաքը նախաձեռնած խմբագիրների թվում են՝ «168 ժամ» Սաթիկ Սեյրանյան, «Ազգ» թերթ՝ Հակոբ Ավետիքյան, «Հայկական ժամանակ»՝ Լուսինե Բարսեղյան, «Մեդիամաքս»՝ Դավիթ Ալավերդյան, «Առավոտ»՝ Արամ Աբրահամյան, A1plus.am՝ Մեսրոպ Մովսեսյան, Hetq.am՝ Էդիկ Բաղդասարյան, «Հրապարակ»՝ Արմինե Օհանյան, «Ժամանակ»՝ Արման Բաբաջանյան, «Ժողովուրդ»՝ Թագուհի Թովմասյան, «Երկիր մեդիա»՝ Գեղամ Մանուկյան, «Չորրորդ իշխանություն»՝ Շողեր Մաթևոսյան, «Իրատես»՝ Փիրուզա Մելիքսեթյան։
Հիշեցնենք, որ Սարի Թաղում հուլիսի 29-ին ոստիկանոթյունը կիրառել է հատուկ միջոցներ է ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի ակցիայի մասնակիցներին ցրելու համար։ Դրա հետևանքով ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածների խոսքերով՝ բռնությունը հիմնականում գործադրվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։ Տուժած լրագրողները պատմել են նաև, որ իրենց հատուկ թիրախավորել են, և որոշ դեպքերում բռնություն կիրառելուց առաջ պոկել նրանց լրագրողական քարտերը։