Home / Հայաստան / Երկու ծննդկանների մահվան դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

Երկու ծննդկանների մահվան դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հուլիսի 23-ին մահացել է 45-ամյա ծննդկան Ն․ Աբգարյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ մահվան դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը առաջացրել է հիվանդի մահ)։

«Աբգարյանը ծննդաբերել է հուլիսի 21-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, այնուհետև հուլիսի 22-ին տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ հուլիսի 23-ին մահացել է։ Ծննդկանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ», – նշված է հայտարարության մեջ։

Նույն հոդվածով քրգործ է հարուցվել մեկ այլ ծննդկանի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում հուլիսի 27-ին մահացած Տ.Գասպարյանի դեպքի առթիվ։

«Գասպարյանը կեսարյան հատման եղանակով հուլիսի 26-ին ծննդաբերել է «ՍլավՄեդ» ԲԿ-ում, որտեղ հետագա բարդացումների պատճառով ենթարկվել է վիրահատության, այնուհետև հուլիսի 27-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ մահացել է։ «ՍլավՄեդ» ԲԿ-ից և «Արմենիա» ՀԲԿ-ից առգրավվել են Տ.Գասպարյանի հիվանդության պատմագրերը, և ծննդկանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», – հաղորդում է Քննչականը: