հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Պատգամավորին արգելել են տեսակցել «Սասնա ծռերին»․ նա պահանջում է պատժել ԱԱԾ տնօրենին

Պատգամավորին արգելել են տեսակցել «Սասնա ծռերին»․ նա պահանջում է պատժել ԱԱԾ տնօրենին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք երեկ՝ օգոստոսի 11-ին, խոչընդոտել են իրեն տեսակցել «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված անդամների հետ։ Այս մասին այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Փաշինյանը՝ նշելով, որ նման արգելքն ԱԺ պատգամավորի օրինական իրավունքների խախտում է։

Փաշինյանը երեկ Ազգային անվտանգության ծառայության շենքին հարակից ընդունարանում ներկայացրել է ԱԺ պատգամավորի վկայականը և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ ցանկություն է հայտնել մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր:

«Ընդունարանի աշխատակիցը ինձ խնդրել է սպասել, որոշ ժամանակ անց ասել է, որ իրեն հրահանգված է ինձ ներս չթողնել: Համբերատար բացատրել եմ վերը հիշատակված օրենքի դրույթները, որից հետո ընդունարանի աշխատակիցը ինձ նորից խնդրել է սպասել:

Բավական ժամանակ սպասելուց հետո նորից մոտեցել եմ ընդունարանի աշխատակցին՝ պարզելու համար, թե ինչո՞ւմն է խնդիրը: Վերջինս տեղեկացրել է, որ հարցը զեկուցվել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին և իրենք սպասում են վերջինիս հրահանգին: Որոշ ժամանակ անց ինձ ասվեց, որ ինձ առանց որևէ բացատրության արգելվում է մուտք գործել ԱԱԾ ՁՊՎ», – Շահինյանին ուղղված իր դիմումում գրել է պատգամավորը:

Փաշինյանի պնդմամբ՝ Կուտոյանի արարքում հանցակազմ կա և նման արգելք դնելը հանցագործություն է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին):