Հայաստանի կառավարությունը օգոստոսի 11-ին որոշում է ընդունել «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը 100 մլն 760 հազար դրամ գումար նվիրաբերելու մասին՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով»: Hetq.am֊ը գրում է, որ կազմակերպության նախագահը Սերգեյ Սմբատյանը (լուսանկարում) ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի որդին է։
«Դեռևս 2012թ-ին Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանն իր տարեկան զեկույցում նշել է, որ Կրթության և գիտության նախարարությունը 2010 և 2011 թվականներին միևնույն 7 հասարակական կազմակերպություններին տրամադրել է մոտ 365 մլն դրամ, որի շուրջ 38%-ը (138,7 մլն)` միայն մեկ կազմակերպության՝ «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին: Հաջորդ տարիներին ևս կազմակերպությունը ստացել է խոշոր հատկացումներ կրթության և գիտության կամ մշակույթի նախարարություններից: 2012թ-ին, օրինակ, դասական երաժշտական բարձրագույն կրթության զարգացման նպատակով ԿԳՆ-ից ստացել է 46,7 մլն, հաջորդ տարում` 26,6 մլն դրամ, իսկ 2014թ-ին Մշակույթի նախարարության կողմից ստացել է 141 մլն 650 հազար դրամի դրամաշնորհ ՝ որպես աջակցություն երիտասարդ երաժիշտների կատարողական արվեստի զարգացմանը»,֊ գրում է Hetq.am-ը։
ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը ևս ՀԿ ունի։ Նա Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հիմնադրել էր «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն: Տարիներ անց այս ՀԿ-ն հիմնադրել էր «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն, որի սեփականատեր էր դարձել «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթեդ» ԲՎՀ օֆշորային ընկերությունը: ԱՕԿՍ-ի պատմական շենքին հարող տարածքի մի հատվածը օտարվել էր էլիտար շենքերի շինարարությամբ զբաղվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, իսկ շենքի նկուղային տարածքը` «Թիֆլիս» ՍՊԸ-ին, որի 100% բաժնեմասը 2013թ-ին գնել է նախարար Հասմիկ Պողոսյանի որդին` Վաղարշակ Հակոբյանը: