«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող 45-ամյա Արթուր Հովհաննիսյանն ի նշան բողոքի վատ պայմանների դեմ կարել է աչքերը: Կալանավորվածի ինքնավնասման մասին news.am-ի լրագրողին հայտնել է նրա մայրը` Հրանուշ Հովհաննիսյանը: Դատապարտյալի մոր խոսքով՝ նա աչքերը կարել է դեռևս հունիսի 29-ին։
«Պատից ջուրը չռռում է, խուցը մեկ ու կես մետր խորության մեջ է: 2 տարի է արդեն էդ խցում՝ առնետների, կարիճների մեջ», – ասել է Հրանուշ Հովհաննիսյանը։
Կալանավորը պահանջում է հանդիպում վարչապետի հետ` իր բողոքը հայտնելու համար:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակության հետ կապերի բաժնից Epress.am-ին հայտնեցին, որ Հովհաննիսյանը տեղափոխվել է այլ խուց։ «Բողոքում էր, որ խուցը 1.5 մետր խորության մեջ է։ Տեղափոխվել է այլ խուց՝ բարձր հարկերում», ֊ ասել է Քրեակատարողական վարչության աշխատակիցը, ով չի ներկայացել։
Նա մեր թղթակցին նաև խնդրել է ուշադրություն դարձնել, թե ինչ քրեական հոդվածներով է Հովհաննիսյանը դատապարտել․ համաձայն դատարանի որոշման՝ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել սեփական դստերը բռնաբարելու մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Նա բողոքարկել է վճիռը․ այն մերժվել է Վերաքննիչ դատարանում, այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում։
Արթուր Հովհաննիսյանի մոր տեղեկություններով` բացի որդուց, «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում աչքերը կարել է ևս մեկ կալանավոր։