Օգոստոսի 20-ին Վրաստանի Սամտրեդիա քաղաքում ոստիկանության շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներին 22-ամյա Դեմուր Ստուրուային ինքնասպանության հասցնելու մեջ և պահանջել վերականգնել արդարադատությունը։
Օգոստոսի 8-ին կախելու միջոցով ինքնասպանություն գործած Սամտրեդիայի բնակիչ Ստուրուան երկտող է թողել, որում նշել է, թե արդեն չի դիմանում ոստիկաններից մեկի բռնություններին։ Համաձայն երկտողի՝ տեղի ոստիկանության քննիչը ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ գործադրելով անընդհատ փորձել է իրենից իմանալ՝ ով է իրենց գյուղում մարիխուանա աճեցնում։ Ինքնասպանությունից հետո քննիչը հրաժարական է ներկայացրել, հարուցվել է քրեական գործ։
Երիտասարդի մահը առիթ է դարձել, որպեսզի Վրաստանում մարիխուանայի օգտագործման և վաճառքի վերաբերյալ օրենքների շուրջ քննարկումները վերսկսվեն։ Համաձայն բողոքի մասնակից ակտիվիստների՝ Վրաստանում օրենքը չափազանց խիստ է, ինչը առիթ է ոստիկանների համար ոչ թե թմրանյութերի կախվածության դեմ պայքարել, այլ սպառնալ, հետապնդել և շահագործել թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց։
Օգոտոսի 20-ին բողոքի ակցիա է կազմակերպվել նաև Վրաստանի կառավարության շենքի մոտ՝ Թբիլիսիում։ Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Ստուրուային փաստորեն սպանել երկրի կառավարությունը։
Նշենք, որ վերջին չորս տարիների ընթացքում Վրաստանում մի քանի անգամ մարիխուանայի օգտագործման ապաքրեականացումը պահանջող օրենսդրական նախաձեռնություններ են եղել, սակայն մերժվել Խորհրդարանի կողմից։
Հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խոստացել էիշխանության գալու դեպքում ապաքրեականացնել թմրանյութերի օգտագործումը։
Լուսանկարը՝ Թորնիկե Շևարնաձե