Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի գլխի և ուսի մի մասի վիրահատության ողջ գումարը՝ մոտ 1 միլիոն դրամ, հավաքվել է հասարակական կազմակերպությունների, առանձին անհատների կողմից։ Առողջապահության նախարարությունն էլ, իր հերթին, խոստացել է, որ մինչև վիրահատության օրն իրենց դիմելու դեպքում՝ որոշակի զեղչեր կանեն։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունից, որը վնասվածքներ ստացած կնոջ համար դրամահավաքը նախաձեռնած ՀԿ֊ներից մեկն է։
Մանսուրյանի ուսն արդեն մեկ անգամ վիրահատվել է, և կինն այժմ գտնվում է տանը։ Ուսի նախորդ վիրահատության ծախսի մեծ մասը, համաձայն կենտրոնի, հոգացել է Մանսուրյանի հայրը՝ պարտքով գումար վերցնելով։
«Նախորդ վիրահատության ժամանակ Թագուհու հայրը դիմում էր գրել Առողջապահության նախարարություն՝ վիրահատության ծախսերը հոգալու խնդրանքով, Առողջապահության նախարարությունը զեղչ արեց, մի մասը հոգած «Էրեբունի» բժշկական կենտրոնը, մի մասն էլ՝ անհատները և «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալիցիան», – ասել են կենտրոնից։
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» սոցիալական աշխատող Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ Թագուհի Մանսուրյանն այժմ շատ ճնշված և հոգեպես ծանր վիճակում է։ Հիվանդանոցից տուն գալով՝ նա տեղեկացել է մոր մահվան մասին։ Վերջինիս միջադեպի օրը նույնպես կացնահարել էր նախկին ամուսինը։ Կնոջ երեխան դեռևս գտնվում է բարեկամների խնամքի տակ։ Հովհաննիսյանը մեզ հատնեց նաև, որ մոտ օրերս քրեական գործի շրջանակներում Մանսուրյանը պետք է առերեսման գնա նախկին ամուսնու հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երևանում Վլադիկ Մարտիրոսյանը հարձակվել էր նախկին կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի ընտանիքի վրա, որի ընթացքում կացնահարելով սպանել էր Մանսուրյանի մորը, և վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու նրա հորը։
Դեռևս անցյալ տարի Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 7-ից մինչև 2015թ. ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծեծի է ենթարկել Թագուհի Մանսուրյանին: Թեև խոշտանգման հոդվածը նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում, դատավոր Նելլի Բաղդասարյանը Մարտիրոսյանին 6 ամսվա ազատազրկման էր դատապարտել և վճռել պատիժը պայմանականորեն չկիրառել՝ հաշվի առնելով, որ Մարտիրոսյանը նախկին դատվածություն չունի, ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված, զղջում է իր արարքի համար։