Երկու երեխաներին ոչ պատշաճ բժշկական օգնություն ցույց տալով նրանց մահը հարուցելու մեջ մեղավոր ճանաչված բժշկուհին բողոքարկում է իր դեմ վճիռը՝ պնդելով, որ իր մասնագիտական պարտականությունների մեջ չի թերացել և պետք է արդարացվի։
Արմավիրցի 4-ամյա Կարինեի և 5-ամյա Էրիկի մահվան գործով մեղավոր ճանաչված Անահիտ Պետրոսյանի դեմ դատավճռից դժգոհ է նաև տուժողի իրավահաջորդի կողմը` գնահատելով Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի սահմանած 3 տարի ազատազրկումը չափազանց մեղմ պատիժ։
Կարինեի հոր՝ Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ իրենք վերաքննիչ բողոք են բերել՝ պահանջելով բժշկուհու համար 5 տարի ազատազրկում սահմանել և, մեկ տարի 6 ամսվա փոխարեն՝ 3 տարով զրկել նրան մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
«Երեխան մինչ հիվանդանոց տեղափոխվելը որևէ հիվանդությամբ չի տառապել, ուղղակի այդ օրը թուլություն է զգացել, ունեցել է սրտխառնոց, փորլուծություն, ծնողները ապահովության համար տարել են Արմավիր քաղաքի հիվանդանոց։ Քրեական գործի քննության շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին եզրակացությամբ պարզվել է, որ Պետրոսյանի կողմից չեն իրկանացվել անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր կլիներ փրկել հիվանդի կյանքը:
Մասնավորապես, նշելով, որ հիվանդանոց ընդունվելիս Կարինե Հովհաննիսյանի վիճակը գնահատվել է մոտ ծանրին և Հովհաննիսյանը պետք է հոսպիտալացվեր վերակենդանացման բաժանմունք:
Սակայն, Կարինե Հովհաննիսյանը վերակենդանացման բաժանմունք ժամանակին չի տեղափոխվել, հոսպիտալացվել է ինֆեկցիոն բաժանմունքում, որտեղ չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտություններ և միջոցառումներ՝ կանխելու համար երեխայի օրգանիզմի ջրազրկումը»,֊ ասել է փաստաբանը։
«Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի փաշտպան Արայիկ Ղազարյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ 8 ամսվա իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բժիշկը «մահերում մեղավոր չի»։
Վերաքննիչ նիստերը հետաձգվում են դատավորների արձակուրդների պատճառով։