Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Շիրակի, Սյունիքի և Արագածոտնի մարզերի գյուղերում առնվազն 16 դպրոց չի ունենա առաջին դասարան, գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի Ալվար գյուղը աշակերտների խնդիր ունեցող համայնքներից մեկն է։ Համայնքի ղեկավար Վալոդյա Սուքիասյանը թերթի հետ զրույցում ասել է, որ վերջին տարիներին գյուղի դպրոցում ավելի հաճախ է պատահում, որ առաջին դասարան չի լինում։ Գյուղապետի համոզմամաբ, հիմնական պատճառներից մեկը արտագաղթն է։ Մեկ այլ պատճառն այն է, որ ծնողներն ավելի շատ նախընտրում են երեխաների կրթությունն ապահովել Գյումրիում։
Արագածոտնի մարզի Ոսկեթաս համայնքի ղեկավար Սամվել Հովսեփյանը ևս առաջին հերթին արտագաղթի հանգամանքն է մատնանշել։
«Մարդիկ արտագաղթում են։ Գյուղը բարձր լեռնային է, ապրուստի միջոց չկա, հողերը քիչ են ոռոգվող չեն, բերրի չեն։ Կլիման բարենպաստ չէ, 7 ամիս ձմեռ է։ Նաև ծնունդներնն են պակասել, առաջ 4 երեխա էին ունենում, հիմա՝ հազիվ մեկը»,- թերթի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավարը։
Թերթի փոխանցմամբ՝ Շիրակի մարզում այս տարի առաջին դասարան չի լինի 3 համայնքներում՝ Ալվար, Թավշուտ, Անիկայարան։ Սյունիքում առանց առաջին դասարանի դպրոցների թիվն առնվազն 8 է։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում