Հանրապետության փողոցում գտնվող իրենց տներից զրկված քաղաքացիներն այսօր Ազգային ժողովի դիմաց ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որ պետությունը գումարային փոխհատուցում վճարի։ Հանրապետության փողոցի այն տարածքը, որտեղ եղել են նրանց տները, գերակա հանրային շահ է ճանաչվել․ 10 տարի առաջ տները քանդել են։ Բնակիչների խոսքով՝ իրենք երկար տարիներ պայքարում են՝ փորձելով արժանի փոխհատուցում ստանալ, սակայն պետական ոչ մի կառույց չի արձագանքում։ Այսօր նրանք դիմում են ներկայացրել Ազգային ժողով՝ պահանջելով իրենց խնդիրը ԱԺ օրակարգ մտցնել։
Բողոքող բնակիչներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց բնակարաններ են առաջարկել Նաիրի Զարյան փողոցի կիսակառույց էլիտար շենքերում․ «Մեզ էդ էլիտար շենքում տուն են առաջարկում, բայց էնտեղ 4 պատ են տալիս, առանց վերանորոգման, առանց ոչ մի բանի։ Մենք թոշակով կամ ցածր աշխատավարձով ապրող մարդիկ ենք, ի վիճակի չենք վերանորոգել ու կահույք գնել»։
Բնակիչները տների փոխարեն պահանջում են փոխհատուցում վճարել՝ 1քմ-ի համար 1000 դոլար։
Բնակիչները նշել են, որ իրենք դիմել են նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջինս բնակիչների հետ զրույցում դժգոհել է, թե պետությունը տուն է տալիս, իսկ իրենք էլ չեն ուզում։
«Ասում ա՝ ինչ անշնորհակալ մարդիկ եք», ֊ նշել է ակցիայի մասնակիցը։