Ռուսաստանի Դաշնությունը դեռևս պաշտոնապես չի արձագանքել մոտ մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի՝ Ռուսաստանի տարածք մուտքի արգելքի վերաբերյալ հարցմանը։
Այսօր լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ասել է, որ եթե ևս մի քանի օր պաշտոնական Մոսկվան ոչ մի արձագանք չտա, ապա Հայաստանի իշխանությունները պարտավոր են նույնարժեք պատասխան տալ։
Գրիգորյանն ընդգծել է, որ միջազգային պրակտիկայում գործում է փոխադարձելության սկզբունքը, և Հայաստանն էլ պետք է արգելի որևէ ռուս փորձագետի մուտք գործել Հայաստան։
Նա նշել է, որ սա մասնավոր դեպք չէ և կապված չէ միայն իր անձի հետ։ Քաղաքագետի խոսքով՝ այս աննախադեպ սանկցաիները կիրառվում են մեր հասարակության վրա ճնշում գործադրելու նպատակով։
«Ես կուզեի հույս ունենալ, որ սա որևէ մասնավոր դեպք է, սակայն հակառակն է ապացուցվում», ֊ ասել է Գրիգորյանը։
Նա ասել է, որ ինքը նման վերաբերմունքը բացատրող երկու տարբերակ է դիտարկում․ առաջինը՝ այդ պահին ինքն է մուտք գործել Ռուսաստանի տարածք, այդ պատճառով էլ հարմար է եղել իր նկատմամբ կիրառել արգելքը, այսինքն՝ կամայականորեն են իրեն ընտրել Հայաստանից։
«Երկրորդը՝ դա կապված է մեր կազմակերպության միջազգային գործունեության հետ։ Մենք 10․000 ավելի միջազգային էլեկտրոնային հասցեների ուղարկում ենք մենք նամակները, որտեղ կան մեր քաղաքական վերլուծություններ նաև Ռուսաստանի հետ կապված։ Դա դուր չի եկել գուցե նրանց», – ասել է փորձագետը՝ նշելով, որ Հայաստանից այլ կազմակերպություններ և քաղաքական գործիչներ նույնպես կարող էին հայտնվել այդ ցուցակում։
Գրիգորյանն ասել է, որ ՌԴ օրենքում հատուկ կետ է մտցվել, որը սահմանափակում է այն օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, որոնք համագործակցում են այդ երկրում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ։
Գրիգորյանը չի բացառել, որ ՌԴ-ի այդ որոշումը կարող էր կապված լիներ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի՝ օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալության հետ։
Գրիգորյանն արդեն դիմել է Հայաստանում գործող մի շարք իրավապաշտպան կազմակերպություններին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ հարցին լուծում տալու և պատասխան ստանալու համար։