«Նաիրիտը» վերագործարկելու շուրջ քննարկումը չի կայանա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառով։
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար, EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը ղեկավարող գործարար Աշոտ Գրիգորյանին ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ այսօր վարչապետը հրաժարական է տալու, ինչի պատճառով նախապես ծրագրված հանդիպումը չի կարող կայանալ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է այսօր ՀՀ կառավարության դիմաց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիայի մասնակից Կարինե Շահվերդյանը։ Նախկին նաիրիտցիները գործարանի վերագործարկում են պահանջում։
Նախորդ շաբաթ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստ է 20 միլիոն դոլարի ներդրում անել «Նաիրիտում», եթե պետությունը գործարանն իր հոլդինգին հանձնի։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականի մասին հայտարարել է այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Գրիգորյանը երեկ էլեկտրոնային նամակ էր ստացել, որ սեպտեմբերի 8-ից Հովիկ Աբրահամյանն այլևս վարչապետ չէ և սեպտեմբերի 12֊ին նախատեսված հանդիպումը չի կարող կայանալ։ Նրանք արդեն գնել էին ինքնաթիռի տոմսերը, և ամեն ինչ պատրաստ էր գործարանը վերագործարկելու համաձայնությունը ստանալու համար»,- նշել է Կարինե Շահվերդյանը։
Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանն արդեն տվել էր իր համաձայնությունը գործարանի վերագործարկման վերաբերյալ․ «Մենք հուսով ենք, որ նոր վարչապետը կշարունակի բանակցությունները Աշոտ Գրիգորյանի հետ և նա նույնպես կտա իր համաձայնությունը գործարանի վերագործարկման համար։ Կարծում ենք, որ պարզապես այս գործընթացը կհետաձգվի մինչև հոկտեմբեր ամիսը»։
Նոր վարչապետի անունը պաշտոնապես չի հայտարարվել։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։