Թայվանը դատապարտում է Հայաստանի կողմից 78 թայվանցիների արտահանձնումը Չինաստանին` հայտարարելով, որ դա միջազգային իրաբունքի կոպիտ խախտում է։ Այս մասին գրում է azatutyun.am֊ը՝ հղում անելով AFP գործակալությանը։
Թայվանի իշխանությունների պնդմամբ` օգոստոսի 26-ին Հայաստանի ոստիկանությունը 78 թայվանցիների է ձերբակալել և բռնագրավել նրանց անձնագրերն ու նրանց մոտ եղած սարքավորումները` միևնույն ժամանակ թույլ չտալով նրանց կապվել փաստաբանների հետ: Այնուհետև, Չինաստանում քննվող խարդախության գործի առնչությամբ, վերջիններս արտահանձնվել են այդ երկրին:
«Ազատություն» ռադիոկայանի կայքի անգլալեզու տարբերակը, հղում անելով Taiwannews.com֊ին, գրում է, որ պաշտոնական Երևանը նաև հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել Թայվանի մոսկովյան ներկայացուցչության դիվանագետներին, ովքեր փորձում էին Հայաստան մուտք գործել՝ 78 թայվանցիների խնդիրը քննարկելու համար։
78 թայվանցիները Չինաստան են արտաքսվել ի թիվս 129 այլ մարդկանց։ Մնացած արտահանձնվածները Չինաստանի քաղաքացիներ են։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ որևէ տեղեկություն չունեն այս հարցի մասին։
Թայվանի՝ Մայրցամաքի հարցերով խորհուրդը, որը զբաղվում է Չինաստանի հետ հարաբերություններով, հայտարարել է, որ բողոքի նոտա է հղել նաև Պեկինին:
«Մենք բազմիցս են պահանջել, որպեսզի չինական կողմը զերծ մնա մեր քաղաքացիների արտաքսումից դեպի մայրցամաքային Չինաստան», – ասված է Խորհրդի տարածած հաղորդագրությունում:
Թայվանը՝ պաշտոնական անվանումը Չինաստանի Հանրապետություն, ճանաչված է ՄԱԿ֊ի անդամ 22 պետությունների կողմից։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Թայվանն իր մասն է համարում։