«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն իր վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին առաջադրում է ՀՀ վարչապետի թեկնածու։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարել է ՔՊ֊ի վարչության անդամ Լենա Նազարյանը։
Նա նշել է, որ կուսակցությունը լիազորում է Փաշինյանին սկսել ստվերային կառավարության ձևավորում։ Ձևոավորման գործընթացն ավելի մասնակցային դարձնելու համար, ՔՊ֊ն քննարկումներ է սկսելու Հայաստանի և Սփյուռքի հանրությունների հետ։
«Մենք վարչապետի մեր թեկնածուին ներկայացնում ենք, որպեսզի արագացնենք իշխանափոխությանն ուղղաված և Սերժ Սարգսյանին հեռացնելու գործընթացը», ֊ իր ելույթում հայտարարել է Նազարյանը։
Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ նա միակ մարդն է, ով 1993 թվականից՝ Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետոմ իշխանության վերանխավի մաս է կազմել։
«Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական մետասատազների հեռացումը կառավարման ղեկից՝ կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և բխում է մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերից: Սարգսյանի հետ գործակցության, կուլիսային բանակցության, քաղաքական և քաղաքագիտական խաղերի ցանկացած դրսևորում, անկախ նրանից, թե ի՞նչ քողի տակ է արվում՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորմա՞ն, թե հայրենիքի գլխին կախված վտանգի՝ անընդունելի և դատապարտելի է մեզ համար», ֊ հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սխալ է այն կարծիքը՝, որ ՔՊ֊ն իշխանության փոփոխության միակ մեթոդ համարում է ընտրությունները: Ըստ Փաշինյանի՝ կուսակցության ծրագրում հստակ ամրագրված է նաև թավշյա հեղափոխության տարբերակը։
«Բայց իշխանափոխությունը մենք անհնար և անընդունելի ենք համարում առանց ժողովրդի հստակ և ապացուցելի կամարտահայտման: Հետևաբար, մեր քաղաքական գործունեության գաղափարական հիմքը ոչ թե ընտրություններն են կամ թավշյա հեղափոխությունը, այլ ժողովրդի կամարտահայտությունը: Ընտրությունները մեզ հետաքրքրում են միայն ու միայն որպես ժողովրդի կամքի արտահայտման հնարավորություն, որովհետև միայն ժողովրդի տեսանելի, ստուգելի և չափելի կամքն է, որ պետք է որոշի, թե ինչ պետք է անենք մենք՝ գնանք Բաղրամյան 26-ը Սերժ Սարգսյանից ազատելո՞ւ, թե պետք է գնանք տներով, սպասելով ժողովրդի կամարտահայտման հաջորդ պատեհ առիթին», ֊ նշել է Փաշինյանը:
Իր կուսակցության պայքարը նա բնութագրել է որպես ոչ բռնի, ֆիզիկական ագրեսիվության նշույլ չպարունակող քաղաքական պայքար:
«Մեր քաղաքական մարտավարությունն ու ռազմավարությունն է. պայքարել օրենքի ու իրավունքի շրջանակներում, և ցուցաբերել զրո ֆիզիկական ագրեսիվություն: Մեր պատկերացրած իշխանափոխության արդյունքում վենդետաներ չեն լինելու, կախաղաններ չեն լինելու, վհուկների որս չի լինելու, քաղբանտարկյալներ չեն լինելու», ֊ հայտարարել է Փաշինյանը: