2015 թվականին զորակոչված զինծառայող Ռազմիկ Պետրոսյանն իր ծառայության 90 տոկոսն անցկացրել է զինվորական հոսպիտալում, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։
Իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ՝ Պետրոսյանը բանակ է զորակոչվել առողջական խնդիրներով, մասնավորապես, նրա մոտ ախտորոշված է եղել 3-րդ աստիճանի հարթաթաթություն, կրունկների հետին հատվածի ուռածություն և ստանդարտ կոշիկ կրելու խանգարումներ։
Պետրոսյանը ծառայության առաջին օրերից ոտքերի բաց վերքեր է ստացել՝ զինվորական կոշիկներ կրելու պատճառով։ Նրա մայրը՝ Մարգարիտա Անանյանը (լուսանկարում), պատմել է, որ որդին ոտքերի այտուցվածության, կոշտուկների, ցավերի պատճառով չի կարողանում կոշիկ կրել։
Երիտասարդը ծառայությունը սկզբում հողաթափերով է իրականացրել, իսկ հետո բացառության կարգով նրան նշանակվել են հատուկ կոշիկներ։ Սակայն դրանք նույնպես չեն լուծել խնդիրը, քանի որ զինվորի մոտ այդ կոշիկներից ևս բաց վերքեր են առաջացել։
Պետրոսյանի շահերի պաշտպան Արայիկ Զալյանը Epress.am-ի հետ զույցում նշել է, որ նրա ծառայությունը հատուկ կուշիկներով կազմակերպողներն անօրինականություն են թույլ տվել, քանի որ նման օրենք չկա, որ եթե մարդը չի կարողանում զինվորական կոշիկներ կրել, նրան հատուկ կոշիկ է նշանակվում։
Զալյանը նշել է նաև, որ իրենք բազմիցս դիմել են ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով վերանայել երիտասարդի՝ զինվորական ծառայության պիտանիության հարցը և անհրաժեշտության դեպքում բուժման նպատակով տարկետում տրամադրել նրան, սակայն ապարդյուն: Պետրոսյանի մոր խոսքով՝ որդին հողաթափերով ծառայություն իրականացելու արդյունքում անգամ հիվանդացել էր ծանր թոքաբորբով: