Երևանի քաղաքապետարանը «Վերնիսաժ» ցուցահանդես֊վաճառքի կենտրոնում արգելել է մի շարք ապրանքներ վաճառել։ Երևանի քաղաքապտարանի կայքի փոխանցմամբ՝ նման որոշում է ընդունվել այսօր մայրաքաղաքի ավագանու նիստում։
Ըստ այդմ՝ Վերնիսաժում արգելել է վաճառել գյուղատնտեսական և պարենային մթերքներ, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ, ծխախոտային արտադրանք, համակարգչային, կենցաղային տեխնիկա, կենցաղային քիմիայի ապրանքներ, կենդանիներ, բույսեր, ծաղիկներ, դեղեր և բժշկական նշանակության արտադրանք, ոչ հուշանվերային բնույթի հին կենցաղային իրեր, հագուստ, այդ թվում՝ հնամաշ, շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք, հողից պեղված իրերի վաճառքը, որոնք ներկայացնում են հնամենի մշակույթ, ինչպես նաև «այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է ՀՀ օրենսդրությամբ»։
Թույլատրվել է վաճառել միայն դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ժողովրդական ստեղծագործությունների գործեր, արհեստագործական արտադրանք և այլ ապրանքներ հետևյալ տեսականիով՝ փայտից քանդակներ, օբսիդիաններ, արծաթից պատրաստված զարդեղեն և առարկաներ, հուշանվերներ, հուշամեդալներ, մանրադրամներ, շքանշաններ, նկարներ, հնաոճ իրեր, գորգեր, ձեռագործներ, գրքեր, զբոսաշրջությանը վերաբերող տպագիր նյութեր, հուշանվերային բնույթի կենցաղային հնաոճ այլ ապրանքներ, ոսկերչական գործիքներ, որսորդական պարագաներ, կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, բնական քարեր, աուդիո և վիդեո արտադրանք:
Նշենք, որ «Վերնիսաժ» վաճառքի կենտրոնը գործում է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցին հարող տարածքում։ Երևանի ավագանու ընդունած որոշումը հաշվի առնելով՝ Վերնիսաժի մի զգալի հատվածը, փաստորեն, պիտի չգործի։ Մինչև որոշումը կայացնելը՝ դեռևս նախորդ երկու շաբաթների ընթացքում, Վերնիսաժից արդեն հանել էին բյուսեր, հագուստ և կենդանիներ վաճառողներին։
Լուսանկարը՝ armtimes.com