Արդյո՞ք Հայաստանում քաղական բանտարկյալներ կամ քաղաքական չբանտարկյալներ կան։ Այս հարցն այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին է տվել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։
«Այսինքն, եթե քաղաքական բանտարկյալ է համարվում նա, ում քրեական պատասխանատվության են ենթարկում քաղաքական դրդապատճառներով, հետևաբար, քաղաքական չբանտարկյալ պետք է համարվի նա, ում քրեական պատասխանատվության չեն ենթարկում էլի քաղաքական դրդապատճառներով։ Օրինակ, որ Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի: Օրինակ, որ առավոտյան նստած էիք և նայում էիք դահլիճին, չէի՞ք նկատում նման մարդկանց, օրինակ, այս կողմում չնկատեցի՞ք քաղաքական չբանտարկյալների (ձեռքով ցույց է տալիս ՀՀԿ-ականների կողմը ֊ խմբ․)»,- հարցրել է Փաշինյանը։
Դավթյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշել է, որ նախկինի պես մնում է իր տեսակետին և համոզված է, որ Հայաստանում քաղբանտարկայլներ չկան։
Նշենք, որ մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ, հայաստանյան քաղաքական ուժեր բազմիցս բարձրաձայնել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, մասնավորապես, Շանթ Հարությունյանի և ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի, Հայկ Կյուրեղյանի։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, իր հերթին, հայտարարել է, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու քվերակությանը, քանի որ վերջինս չի կարող անկախ լինել ու, դեմ գնալով համակարգին, օրինակ, անդրադառնալ Մարտի 1-ի դեպքերին։
Ի հակադրություն՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ֊ական Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ֊ն հավատում է Դավթյանին ու սատարում է նրա թեկնածությունը։