Հոդված՝ «Պաշտպանել հայաստանցի աշխատավորին․ արդյոք դասակարգային պայքարը օրակարգում է»
Հեղինակներ՝ Մարգար Մելքոնյան և Հրանտ Կատարիկյան
Տպագրվել է` hetq.am֊ում սեպտեմբերի 10-ին, ներկայացնում ենք կրճատումներով
Երևանում սրճարանի մատուցողուհուն կամ սուպերմարկետի գանձապահին հարցրեք՝ արդյոք նա կամ իր ծանոթ աշխատողներից որևէ մեկն արհմիության անդամ է։ Մեր փորձը ցույց է տալիս, որ նա կա՛մ ոչինչ չարտահայտող, կա՛մ սարսափած հայացք կնետի ձեր վրա, կարծես, հարցրել եք, թե իր աշխատատեղում հերպեսի համաճարակ կա՞, թե ոչ։
Աշխատավարձով աշխատող շատ մարդիկ Հայաստանում չգիտեն՝ ինչ է արհեստակցական միությունը։ Սա տարօրինակ կթվա սովորական դիտորդին, ով տեղեկացված է Հայաստանի Հանրապետությունում գործազրկության, ցածր աշխատավարձների, աշխատանքային ժամից ավել աշխատելու, աշխատատեղը կորցնելու վախի առկայության փաստերից։
Օգոստոսի 19֊ին Բորիս Խառատյանը՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը, համաձայնեց հանդիպել մեզ Կոնֆեդերացիայի գրասենյակում՝ խոսելու Հայաստանում արհեստակցական միությունների հեռանկարների մասին։ Խառատյանը կոմպետենտ փորձագետ է, ով իրականում մտահոգ է իր միության անդամների ճակատագրով։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան խորհրդային շրջանի Արհմիությունների խորհրդի ժառանգն է։ Այսօր, դա հանրապետական մակարդակով միավորված աշխատավորների միակ ներկայացուցչությունն է և կազմված է 20 միություններից, ունի 197.000 անդամ, մինչդեռ Հայաստանում աշխատուժը կազմում է 1 միլիոն 194 հազար (2011 թվականի տվյալներով)։
Փաստորեն, Կոնֆեդերացիան ներկայացնում է երկրի ողջ աշխատուժի մեկ վեցերորդին։ Մասնաճյուղերի թվում են գյուղատնտեսական֊արդյունաբերական աշխատողների, բուժաշխատողների, ուսուցիչների, բանկերի և ֆինանսական ինստիտուտների աշխատողների, շինարարների, կապի և տրանսպորտի ոլորտի աշխատողների միությունները, ինչպես նաև տարօրինակաբար միասնություն կազմող Հանքագործների, մետաղագործների և ոսկեգործների արհմիությունը։
Ամենամեծ միությունը, որը չի համագործակցում կոնֆեդերացիայի հետ, «Արմենթելի» աշխատողների միությունն է․ դա հեռահաղորդակցման ոլորտի մասնավոր ընկերության սիրունիկ արհմիությունն է։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28֊րդ հոդվածը երաշխավորում է, որ ամեն ոք իրավունք ունի այլոց հետ ստեղծել ասոցիացիաներ, ինչպես նաև ստեղծել կամ միանալ արհմիություններին։
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքի համաձայն, աշխատավորների իրավունքներն ու շահերը կարող են ներկայացվել արհմիությունների կողմից։ Սահմանադրության 32֊րդ հոդվածի համաձայն՝աշխատավորներն իրավունք ունեն գործադուլ անելու՝ ի պաշտպանություն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի։
Հետևաբար, թղթի վրա Հայաստանի աշխատավորները, բացառությամբ քաղծառայողների, զինված ուժերում և իրավապահ մարմիններում աշխատողների, իրավունք ունեն կազմել և միանալ իրենց ընտրած անկախ արհմիություններին։ Ավելին՝ նրանք բացառիկ հանգամանքների դեպքում իրավունք ունեն գործադուլ անել առնվազն մասնավոր ընկերությունների դեմ։
Գործնականում, սակայն, աշխատավորները չեն կարողանում իրենց այդ իրավունքից օգտվել՝ միավորվել արհմիություններում և միասնաբար բանակցություններ վարել, քանի որ Աշխատանքային օրենսգրքում խնդրահարույց կետեր կան, իսկ իշխանությունները հանդուրժում են «ոչ ֆորմալ հատվածում» աշխատողների բարձր թիվը։
Ինչ վերաբերում է գործադուլին, ապա այս հարցում նույնպես բարդություններ կան․ գործադուլի գործընթացին մեկնարկ տալու համար հարկավոր է համընդհանուր ժողովի ժամանակ ստանալ աշխատավորների երկու երրորդի ձայնը։ Այս պայմանը խոչընդոտում է գործադուլի իրավունքի իրացմանը։
«Դա շատ բարձր (շեմ) է։ Պետք է իջեցնենք», ֊ ասում է Խառատյանը։
2016 թվականի հունիսին Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի առաջին եռամսյակում գործազրկությունը կազմել է 18 տոկոս։ (Որպես համեմատություն․ ԱՄՆ֊ում գործազրկությունը 1933 թվականին՝ Մեծ դեպրեսիայի գագաթնակետին՝ 25 տոկոս էր)։ Կարևոր է նկատել, որ Կենտրոնական բանկի գործազրկության ցուցանիշները չափում են Հանրապետության ներսում առկա գործազրկությունը․ դրանք հաշվի չեն առնում այն հազարավոր մարդկանց, ովքեր ընդմիշտ հեռացել են երկրից՝ դրսում աշխատանք գտնելու համար։
Աշխատանքի միջազգային կազմակերպություն․ կողմնակալ դատավո՞ր
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) անդամակցում է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը (ԱՄԿ)։ Աշխատանքի միջազգային չափանիշները բարձրացնելու համար 1919 թվականին ստեղծված կազմակերպությունը սկսեց գործել որպես ՄԱԿ֊ի ծառայություն 1946 թվականին։ Կազմակերպության կայքն ասում է, որ այն «համախմբում է 187 անդամ երկրների կառավարությունների, աշխատողների, գործատուների՝ բոլոր կանանց և տղամարդկանց համար պատշաճ աշխատանք ապահովելու համար աշխատանքի չափանիշներ սահմանելու, քաղաքականություն կազմելու նպատակով»։
Խառատյանը նկատում է, որ «ԱՄԿ֊ն 1919 թվականին ինչ֊որ առումով պատասխան էր 1918֊ի իրադարձություններին»։ Այն ստեղծվեց ի պատասխան Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Եվրոպայում սկսված հեղափոխական ալիքների։ ԱՄԿ֊ի «մեսիջն» այն էր, թե դասակարգային պայքարի և պետական իշխանության համար պայքարի փոխարեն՝ կապիտալի և աշխատավորների ներկայացուցիչները պետք է միավորվեն «իրար հետ բանավիճելու և համաձայնության գալու համար»։
Սոցիալ գործընկերությո՞ւն, թե՞ միակողմանի դասակարգային պայքար
ԱՄԿ֊ն առաջարկում է «սոցիալ գործընկերության» գաղափարը որպես այլընտրանք նրան, ինչը Խառատյանն անվանում է «հին մարքսիստական դասակարգային պայքարի», ըստ որի աշխատավորի և գործատուի շահերը «100 տոկոսով իրար հակասում են»։
Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ սոցիալ գործընկերությունը դա աշխատավորների, գործատուների և Կառավարության ներկայացուցիչների փոխհարաբերություններն են՝ նպատակաուղղված աշխատավորների և գործատուների շահերը ներկայացնելուն՝ որպես հավասար կողմեր ընդհանուր վեճում։
Սոցիալ գործընկերության իմաստը ԱՄԿ֊ի եռակողմանի կառուցվածքում է։ ՀԱՄԿ֊ն, որպես ԱՄԿ֊ի մաս, պարտավոր է «հավասար ձայնի իրավունք տալ երեք կողմերին»։
ՀԱՄԿ֊ն որևէ գործադիր իշխանություն չունի։ Իշխանությունն ավելի շատ պետությանն է պատկանում, որը կապվում է նշված եռակողմանի համակարգին նախարարությունների միջոցով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Առողջապահության նախարարության։ Այս նախարարույթուններն են լիազորված իրականացնել Աշխատանքային օրենսգրքի պայմանները և ԱՄԿ֊ի դիրեկտիվները։ Հայաստանում չկա մասնագիտացված աշխատանքային վեճերի դատարան։ Աշխատանքային վեճերը լուծվում են քաղաքացիական դատավարությամբ։
«Սոցիալ գործընկերության» գաղափարը լավ տեղավորվում է այն պաշտոնական դիսկուրսում, թե պետությունը անկողմնակալ դատավոր է, և կա մի դաշտ, որտեղ տարբեր շահեր ունեցող խմբեր, այդ թվում՝ աշխատավորներն ու կապիտալը, մրցում են սահմանափակ ռեսուրսներ կիսելու համար։ Կարելի է մտնել ՀԱՄԿ֊ի կայք (hamk.am) և անարդյունք փնտրել այս պատկերը քննադատող որևէ տեսակետ։ Մեր խոսակցության ընթացքում ինքը՝ Խառատյանն էլ, դրա վերաբերյալ ոչ մի քննադատություն չհնչեցրեց․ նա շեշտը դնում էր «օրինականության» վրա, ոչ թե «դասակարգային պայքարի»։
Հայաստանում դասակարգային գիտակցությունը միակողմանի է
Կապիտալիստների դասակարգը Հայաստանում ակնհայտորեն զարգացած և ինքնագիտակից դասակարգ է, դասակարգ ինքն իր համար՝ երկրում քաղաքական իշխանության գրեթե կատարյալ մենաշնորհով։
Աշխատավորները, հակառակը, մշտական պարտավորվածության և ճնշման ներքո են գտնվում, ինչը բխում է երկու «սոցիալական գործընկերների»՝ պետության և մասնավոր կապիտալի շահերից։
Աշխատավորներն իրենք իրենց կամ Կոնֆեդերացիան աշխատավորներին չի համարում դասակարգ։ Ինչ վերաբերում է կապիտալին ու աշխատանքին, այստեղ դասակարգային գիտակցության, ռեսուրսների և ուժի մեծ ասիմետրիա է նկատվում։ Ակնհայտ է, որ գործատուները շատ լավ հասկանում են, որ իրենք դասակարգ են, ինչը չեն գիտակցում աշխատավորները։
Նման ասիմետրիայի հետևանքներն ակնհայտ երևում են Երևանում և ամբողջ Հայաստանում՝ սկսած գործազրկության մակարդակից, արտագաղթից մինչև արդյունաբերական անվտանգության մակարդակը, հանքարդյունաբերական աղտոտումը, լրացուցիչ աշխատանքի համար հասանելի գումարների չվճարումները։