20 տարուց ավել պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը համոզված է, որ այսքան տարի իր չարած հանցանքի համար է բանտարկվել, իսկ տուժածների հարազատներն այդպես էլ չեն իմացել, թե ով է սպանել իրենց որդիներին։ Այս մասին երեկ Մկրտչյանն ասել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում է իր բողոքը, գրում է forrights.am֊ը։
Համածառայակիցներին սպանելու մեղադրանքով 1997 թվականին դատապարտված Մկրտչյանը դիմել է դատարան` բողոքարկելով «Նուբարաշեն» ՔԿՀ֊ի ղեկավարության որոշումը, որը մերժել էր Վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովին ներկայացնել իր դիմումը։
Մկրտչյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկը Մկրտչյանի դիմումը մերժելու վերաբերյալ մինչև դատական նիստը ոչ մի պատճառաբանություն չի ներկայացրել։
ՔԿՀ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանն արդեն դատական նիստի ժամանակ հայտնել է, որ դատապարտյալը չի մարել տուժողներին պատճառած վնասները։
«Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը», ֊ նշվում է ՔԿՀ֊ի հիմնավորման մեջ:
Դատապարտյալը, իր հերթին, նշել է, որ, չնայած ինքը ոչ մեկին չի սպանել, բայց, փաստորեն, 20 տարի խցում փակված լինելուց հետո իրենից պահանջում են գումար փոխհատուցել՝ առանց աշխատանքով ապահովելու, իսկ պահանջը չկատարելու հանգամանքն էլ նշում՝ որպես նրա վաղաժամ ազատ արձակման հարցը չքննարկելու հիմք:
Մկրտչյանն ասել է նաև, որ տուժողներին ամբողջ դատավարության ընթացքում հուզել է այն հարցը, թե ովքեր են սպանել իրենց տղաներին, այլ ոչ թե՝ «2000 դոլար վերցնեն, գնան»։
Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 27-ին։
Նշենք, որ Արթուր Մկրտչյանը 1997-ին դատապարտվել է մահապատժի՝ 5 համածառայակիցների սպանության մեղադրանքով, ապա 2003-ին մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և առ այսօր պնդում է, որ ինքը ոչ մեկին չի սպանել: