Բաքվի Յասամալի շրջանի «Մեխսուլ» մարզադաշտում երեկ՝ սեպտեմբերի 18֊ին ընդդիմադիր ուժերի կողմից անցկացված արտոնված հանրահավաքն ավարտվել է ծեծկռտուքով ու ձերբակալություններով։ «Ո՛չ միապետությանը», «Կեցցե՛ Հանրապետությունը», «Հրաժարակա՛ն» կարգախոսների ներքո անցկացվող հավաքի կազմակերպիչները պահանջում էին չեղյալ հայտարարել սեպտեմբերի 26֊ին Ադրբեջանում կայանալիք սահմանադրական հանրաքվեն ու ազատ արձակել երկրի քաղբանտարկյալներին։
Ցուցարարները նաև պարզել էին պաստառներ հետևյալ գրություններով՝ «Որտե՞ղ է գողացված 140 միլիոն դոլարը», «Մենք քեզ չե՛նք ընտրել», «Աշխատավարձը՝ 105 մանաթ, ուսման վարձը՝ 4000», «Ստորագրե՛լ Ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ»։
Դեռևս հավաքի մեկնարկից առաջ հաղորդվում էր, որ իրավապահները խոչընդոտում են մարդկանց մուտքը մայրաքաղաք, ինչպես նաև՝ բերման ենթարկում ու ձերբակալում հակակառավարական հավաքին մասնակցել ցանկացողներին։ Քաղաքի այն շրջանում, որտեղ անցկացվում էր հավաքը, անջատվել էր ինտերնետը, ընդհատվել՝ տասնյակ հազարավոր դիտողներ հավաքած ուղիղ ինտերնետ հեռարձակումը։
Ելույթ ունեցող ընդդիմադիրներն ակտիվորեն քննադատում էին երկրի նախագահ Իլհամ Ալիևին ու նրա ընտրած քաղաքականությունը․
«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլըն, մասնավորապես, ասել է․ «Իլհամ Ալիևն այսօր ամաչում է հիշել իր՝ խնայողությունները մանաթով պահելու վերաբերյալ կոչերը, նա մոռացել է իր խոստումներն առ այն, որ Ադրբեջանը նավթի գների անկումից կորուստներ չի կրի․․․ Հրաժարվելով բարեփոխումներից ու ընդդիմության հետ երկխոսությունից՝ իշխանությունները, ըստ էության, հնչեցրել են իրենց սեփական դատավճիռը, քանի որ բռնազավթած իշխանությունն անհնար կլինի անվերջ պահել ոստիկանության միջոցով։
Նրանք նույնիսկ ի վիճակի չեն բացատրել սեփական քաղաքացիներին, թե ինչու են անհրաժեշտ այդ սահմանադրական փոփոխությունները․ մինչ օրս ոչ ոք դրա վերաբերյալ պարզաբանումներ չի տվել։ Իշխանությունները կորցրել են իրավիճակն ադեկվատորեն դատելու ունակությունն ու կարծում են, որ այստեղ կարելի է երկրորդ Հյուսիսային Կորեա ստեղծել ու կառավարել նույն ոճով։ Մենք դա չենք ուզում»։
Վերջին նախագահական ընտրություններին Ալիևի հիմնական հակառակորդ, «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» առաջնորդ Ջամիլ Հասանլի․ «Իշխանությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենք կոմունիստական թափթփուկների ժառանգորդներ են, որոնք ոչնչացնում են հանրապետության՝ դեռևս 1918 թվականին հիմնված արժեքները։ Ղեկավարության 23 տարիների ընթացքում նրանք չլուծեցին երկրի որևէ հիմնարար խնդրին․ միայն զբաղված են սեփական ընտանիքի իշխանությունն ամրապնդելու փորձերով։ Մենք դեմ ենք սահմանադրական փոփոխություններին։ Ալիևը կարծում է, որ այդ փոփոխությունները երաշխավորում են իր հանգստությունն ու հավերժական իշխանությունը։ Երկրի ճակատագիրը, սակայն, այնտեղ չի որոշվելու, այլ՝ հրապարակներում, որտեղ դժգոհ ժողովուրդն ասելու է իր խոսքը՝ չնայած ճնշումներին ու հետապնդումներին»։
L1-8 շարժման առաջնորդ Ռուսլան Իզզաթլի․ «Ալիևը գնում է Կադդաֆիի ու Մուբարակի ճանապարհով։ Նրանք նույնպես ձևավորել էին միապետական ավտորիտար ռեժիմ, պաշտոններին իրենց երեխաներին ու հարազատներին էին նշանակում, հիմնել էին ոստիկանական պետություն ու կարծում էին, որ ապահովել են իրենց ապագան։ Բայց պատմությունը հակառակը ցույց տվեց։ Իլհամ Ալիևը, ով ի վիճակի չէ պատմությունից դասեր քաղել, պետք է հասկանա, որ իրեն նույն ապագան է սպասվում»։
«Մուսավաթ»֊ի անդամ Օսման Կյազիմով․ «Երկրի ղեկավար Իլհամ Ալիևն իր գործողություններով ու քայլերով ուղղակիորն խախտում է Ադրբեջանի սահմանադրությունը։ Նա խախտել է իր նախագահական երդումը՝ չի ապահովել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, չի կարողացել պաշտպանել նրանց շահերը, չի վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Իլհամ Ալիևը ծախել է ազգային հարստությունները, հանձնել՝ ազգային շահերը, համագործակցում է ավտորիտար ռեժիմների հետ ու փչացրել է հարաբերությունները Արևմուտքի հետ»։
«Մուսավաթ»֊ի նախկին առաջնորդ Իսա Գամբար․ «Ադրբեջանում ոչ թե իշխանության, այլ տարատեսակ արժեքների պայքար է ընթանում։ Մի կողմում բոլշևիկյան և ավտորիտար արժեքներն են, մյուս կողմում՝ ժողովրդավարության և արդարության արժեքները»։
Բեմից ընթերցվել է նաև քաղբանտարկյալ, կրոնական գործիչ Թալե Բագիրզադեի ուղերձը, ով կոչ է արել պայքարել իշխող ռեժիմի դեմ։
«Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլի․ «Այսօր ոստիկանությունը մի շարք շրջաններում բերման է ենթարկել հավաքին եկող բազմաթիվ ակտիվիստների։
[…] 17 հազար ուսանողներ ստիպված են եղել կիսատ թողնել կրթությունը, քանի որ ի վիճակի չեն տարեկան 4 հազար մանաթ վճարել։ Տասնյակ ուսանողներ նույն պատճառով ինքնասպան են եղել։ Ինչո՞ւ պետք է երիտասարդներն ինքնասպան լինեն, ո՞րն է այդ երեխաների մեղքը։ Ինքնասպանություն պետք է Իլհամ Ալիևի ընտանիքը գործի, որը թալանել է նավթից ստացված միլիարդներն ու տարել արտասահման։ Այս ռեժիմին ու Իլհամ Ալիևին անձամբ չի մտահոգում երիտասարդության ճակատագիրը, նա ավելի շատ հետաքրքված է «Ֆորմուլա 1»֊ի ճակատագրով»։
Ընդդիմադիրների հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 24֊ին՝ հանրաքվեից երկու օր առաջ։