Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սեպտեմբերի 1-ին կոմունիկացրել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Համաձայն ՄԻԵԴ-ի կայքի, կազմակերպությունը համարում է, որ Գերմանիայում իրեն նվիրաբերված կրոնական գրքերը ներկրելու համար մաքսատուրք գանձելով՝ Հայաստանի Հանրապետությունն անօրինական և անարդարացված կերպով միջամտել է իր կրոնական գործունեությանը, այսինքն՝ խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9֊րդ հոդվածը (Մտքի, խղճի և կրոնի ազատություն)։
Հայցվոր կազմակերպությունը նշում է, որ ոչ միայն ստիպված է եղել վճարել մաքսատուրք, որից օրենքով ազատված էր, այլև մաքսաչափը կամայականորեն է որոշվել մաքսային իշխանությունների կողմից։
2012 թվականին «Եհովայի վկաներ» կազմակերպությունը ստացել էր նվերներ արտերկրից՝ հիմնականում կրոնական բովանդակություն գրքեր, CD֊ներ, DVD-ներ, ամսագրեր։ Մաքսային ծառայությունը գնահատել է ապրանքերի արժեքը և, ըստ այդմ, սահմանել 1,190,222 դրամի չափով ավելացված արժեքի հարկ։
Կազմակերպությունը մաքսատուրքը վճարել է, սակայն բողոք է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով վերադարձնել վճարված ԱԱՀ֊ն։ Կազմակերպությունը հենվել էր «Խղճի ազատության և Կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12֊րդ կետի վրա, համաձայն որի կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվությունները, քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն։
Վարչական դատարանը մերժել է «Եհովայի վկաների» բողոքը՝ հիմնավորելով, թե «նվիրատվությունը» և «նվիրաբերությունը» տարբեր բաներ են և կարգավորվում են, Քաղաքացիական օրենսգրքի տարբեր՝ 594֊րդ և 604֊րդ հոդվածներով։ Նշենք, որ համաձայն վերոնշյալ օրենքների՝ «նվիրաբերությունն» այն նվիրատվությունն է, երբ գույքը կամ գույքի իրավունքը տրվում է «հանրօգուտ նպատակներով»։ Կրոնական կազմակերպությունը ազատվում է հարկերից «նվիրատվությունների» դեպքում, իսկ Դատարանը համարել էր, որ ստացված կրոնական ապրանքները «նվիրաբերություն» են և հետևաբար դրանց համար պետք է մաքսատուրք վճարի։ Վերաքննիչ դատարանն այս վճռն անփոփոխ էր թողել։
Կոմունիկացնելով հայցը՝ ՄԻԵԴ֊ը Հայաստանի Հանրապետությունից պահանջել է պատասխանել հետևայլ հարցերին․
– արյդոք ապրանքները հարկելով՝ ՀՀ֊ն խախտել է հայցվորի կրոնական ազատությունը, ինչը երաշխավորվում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9֊րդ հոդվածով,
– -արդյոք խախտել է կազմակերպության սեփականության իրավունքը։