Իշխանությունը շտապում է Հարկային նոր օրենսգիրքն ընդունել մինչև Համաշխարհային բանկը նոյեմբերին կգումարի իր ղեկավարների խորհուրդը և կորոշի՝ շարունակե՞լ ՀՀ-ին վարկեր հատկացնել, թե ոչ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ միջազգային կազմակերպությունները վարկեր տալու համար Հայաստանի առաջ հարկային եկամուտները 60-70 մլրդ դրամով ավելացնելու պայման են դրել։ Իսկ Հարկային նոր օրենսգրքի ընդունումով իշխանությունները փորձում են հենց այդ պայմանը կատարել, հակառակ պարագայում 2017թ. դոնոր կազմակերպությունները Հայաստանին այլևս վարկ չեն տա։
«ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ նման պահանջ կա, բայց միաժամանակ ավելացրեց. «Մենք ինքներս արդեն գտնում ենք, որ, այո, եկամուտների ավելացման խնդիր ունենք, բայց դա հիմնականում տեսնում ենք ստվերի կրճատման մեջ»։ Միրումյանը, սակայն, հավելեց, որ նոր օրենսգրքի ընդունման արդյունքում 2017թ. կգանձվի խմիչքի և ծխախոտի 8,1 մլրդ դրամ ակցիզային հարկ, 2018-ին կավելանա բենզինի և սեղմած գազի ակցիզային հարկը՝ կազմելով մոտ 17 մլրդ դրամ»,– գրում է թերթը։
Նշենք, որ երեկ Հարկային նոր օրենսգիրքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, այն պետք է ընդունվի նաև երրորդ ընթերցմամբ։