Լրագրող Արթուր Մինասյանն իր բլոգում հրապարակած «ՏԻՄ ընտրությունները՝ ապտակ ընդդիմությանը․ դասեր քաղելու ժամանակը» հոդվածում անդրադարձել է հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։
«Հայաստանի թվով երկրորդ ու երրորդ խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում երեկ տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, թեև այդ գործընթացն ընտրություններ անվանել կարելի է մեծ վերապահումով՝ նկատի ունենալով հայաստանյան իրողությունները։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Գյումրիում ընտրելու իրավունք ունեցողների թիվը մոտ 126 հազար էր, Վանաձորում՝ մոտ 96 հազար։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Գյումրիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 36,59%-ը, Վանաձորում՝ 42,66%-ը։
Այսպիսով, թե՛ Վանաձորում, թե՛ հատկապես ընդդիմադիր քաղաքի համարում ունեցող Գյումրիում ընտրողների ակտիվությունը ցածր է եղել։ Եթե նկատի ունենանք բազմակի քվեարկությունները, ապա ընտրատեղամասեր գնացած քաղաքացիների տոկոսն էապես ավելի քիչ է։
Ընտրողների նման պասիվությունը թերևս պայմանավորված է նախ ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելուն չհավատալով, երկրորդ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների հանդեպ անվստահությամբ, և երրորդ՝ ՏԻՄ ինստիտուտների անկարևորության տարածված ընկալումով։
Ընտրությունների միջոցով փոփոխություններին չհավատալն ունի խորը արմատներ․ տարիներ շարունակ քաղաքացիները փորձել են քվեարկության միջոցով իշխանափոխություն իրականացնել, սակայն վարչախումբն ընտրակեղծարարության հզոր մեքենայի շնորհիվ կարողացել է պահել իշխանությունը։ Հետընտրական զանգվածային հրապարակային բողոքների միջոցով նույնպես չի հաջողվել փոփոխության հասնել։ Արդյունքում քաղաքացիներն այլևս կասկածամտորեն են վերաբերվում ընտրությունների և/կամ հետընտրական զարգացումների միջոցով իրենց կամարտահայտությունն արձանագրելու հնարավորությանը։
Կեղծված սահմանադրական հանրաքվեն և նոր ընտրական օրենսգիրքն՝ իր հակաժողովրդավարական մեխանիզմներով էլ ավելի հիասթափեցրին առանց այդ էլ առանձնապես չհիացած ընտրողին։ Մարդիկ հիմար չեն և չէին կարող չնկատել, որ այս նոր ընտրական օրենսգիրքն էլ ավելի վատն է, քան նախորդը և ոչ միայն որևէ կերպ չի ապահովելու ընտրությունների ազատությունն ու արդարությունը, այլ էլ ավելի սահուն հնարավորություններ է ապահովում վարչախմբի վերարտադրման համար։
Այս նոր ընտրական օրենսգրքի առաջին պտուղներից մեկն այն է, որ Գյումրիում պաշտոնական տվյալներով ընտրություններին մասնակցածների մոտ 35 տոկոսը ստացած ՀՀԿ-ական թեկնածու Բալասանյանի դաշինքը ավագանու տեղերի բացարձակ մեծամասնությունն է ստանում օրենսգրքի մի ծուղակի՝ 141-րդ հոդվածի 5-րդ կետի շնորհիվ։ Այսպիսով, Բալասանյանը կրկին կլինի Գյումրիի քաղաքապետ՝ ընտրելու իրավունք ունեցողների 36,59%-ի 35%-ը, այսինքն՝ 126 հազարից ընդամենը 15 հազար ձայն ստանալով։
Բայց սա դեռ ամենը չէ․ հատկանշական է, որ երկրորդ ու երրորդ տեղերն են զբաղեցրել ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը (վերանվանված Հայաստանի Վերածնունդ կուսակցության)։ Հայ Ազգային Կոնգրեսն ու Քաղաքացիական պայմանագիրը պաշտոնական տվյալներով ստացել են մոտ մեկական տոկոս ձայն։
Վերոնշյալից կարելի է եզրահանգել, որ Գյումրիում իրականում ընտրությունների մասնակցել են իշխանության վարչական ռեսուրսը կազմող զանգվածը, ընտրակեղծարարների խմբերը և ընտրակաշառք վերցրած ոչ այնքան մեծ զանգված, իսկ ընդդիմադիր տրամադրված զանգվածը, որ ընտրողների մեծամասնությունն է, հիմնականում չի գնացել ընտրատեղամասեր (գնացողներն էլ իրենց ձայնը հիմնականում տվել են ընդդիմադիր կուսակցության համարում ունեցող նորաստեղծ ԳԱԼԱ-ին)։ Սա վկայում է ընդդիմադիր կուսակցությունների հաղթանակի հնարավորության հանդեպ ընտրողների անվստահության մասին։
Հատկանշական է, որ Գյումրիում քվեաթերթիկների մոտ 6,5 տոկոսն անվավեր է եղել․ հավանաբար ընտարտեղամասեր գնացած այդ ընտրողները չեն ցանկացել իրենց ձայնը տալ որևէ կուսակցությանը։
Ինչ վերաբերվում է ՏԻՄ ընտրություններին կարևորություն չտալուն, ապա Հայաստանում սովորաբար միայն նախագահական ընտրություններն էին, որ կարևորվում էին ընտրողների կողմից, և անգամ խորհրդարանական ընտրություններն առանձնապես աչքի չէին ընկնում իրենց ակտիվությամբ։ Թերևս հենց այդ պատճառով էլ վարչախումբը որոշեց սահմանադրական փոփոխությունների միջոցով անցնել իբր խորհրդարանական կառավարման մի անհասկանալի համակարգի։ Թե որքանով ընտրողը կկարևորի 2017-ի խորհրդարանական ընտրությունները՝ այս պահին դժվար է կանխատեսել, քանի որ դա մեծապես կախված է կուսակցությունների աշխատանքից։ Նկատի ունենալով այն, որ նոր ընտրական օրենսգիրքն իր ծուղակ մեխանիզմներով և ընտրակեղծիքների լայն հնարավորություններով շարունակելու է ապահովել վարչախմբի համար անհրաժեշտ վերարտադրման ռեսուրսը, քիչ հավանական է, որ ընտրողները մինչ խորհրդարանական ընտրությունները հանկարծահաս կսկսեն վստահել ընտրական մեխանիզմներին ու կշտապեն ընտրատեղամասեր։ Ավելին՝ ՏԻՄ ընտրությունների նման ելքն աչքի առաջ ունենալով՝ ընտրողներն էլ ավելի կհամոզվեն քվեարկության միջոցով սեփական կամարտահայտումն արձանագրելու անհնարինության մեջ։
Վանաձորյան ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ այստեղ ՀՀԿ-ից հետո երկրորդ հորիզոնականում է Լուսավոր Հայաստանը, որին, բնականաբար, Բ26-ից թույլ են տվել հայտնվել այդ տեղում։ Հատկանշական է, որ Վանաձորում ՀՀԿ-ին չնչին տասնորդական տոկոսներ չեն բավարարել՝ Գյումրիի նմանությամբ ԸՕ-ի 141-րդ հոդվածի 5-րդ կետի կիրառմամբ մանդատների բացարձակ մեծամասնությունը ստանալու համար, և Վանաձորում ՀՀԿ-ական քաղաքապետ կարգելու համար ՀՀԿ-ին անհրաժեշտ կլինի անցած մյուս կուսակցությունների ավագանիներից առնվազն 4 ձայն։ Վանաձորում, այսպիսով, ՀՀԿ-ին չի հաջողվել ոսկերչական ճշգրտությամբ կեղծել քվեարկության արդյունքներն, ու մի քանի տասնորդական տոկոսները պատճառ են դառնալու, որ ՀՀԿ-ն հայցի ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի ավագանիներից գոնե 4-ի ձայները՝ սեփական քաղաքապետին անցկացնելու համար։
Հ․Գ․ Մի քանի մխիթարող տվյալներ․ Գյումրիում ՀՀԿ-ական Բալասանյանը 126 հազար պոտենցիալ ընտրողների պարագայում ընտրակաշառքի և կեղծիքների դիմելով անգամ ստացել է ընդամենը 15 հազար ձայն, իսկ Վանաձորում ՀՀԿ-ական թեկնածուն՝ 96 հազար պոտենցիալ ընտրողից՝ 15 հազար ձայն։ Այսինքն՝ երկու քաղաքների պոտենցիալ ընտրողների ճնշող մեծամասնությունն, այնուամենայնիվ, իր ձայնը չի տվել ՀՀԿ-ին։ Սակայն հիմարություն կլինի մատի փաթաթան դարձնել այս տվյալներն ու դասեր չքաղել քվեարկության ընդհանուր պատկերից, քանի որ քաղաքականության մեջ կարևորը վերջնարդյունքն է․ իսկ վերջնարդյունքն այն է, որ Գյումրիում՝ Բալասանյանը (հաստատապես), իսկ Վանաձորում Մամիկոն Ասլանյանը (հավանաբար) կբազմեն քաղաքապետի աթոռին:
Հ․Հ․Գ․ Ընտրակաշառքի մասին․ ընտրակաշառքն, այո՛, հիմնական ընտրակեղծիքներից է, որ տեղի է ունենում ընտրատեղամասերից դուրս։ Բայց ամեն ինչ բարդելը «ծախվող, թասիբ չունեցող ժողովրդի» վրա ընդամենը պատասխանատվությունն աբստրակտ «ժողովրդի» վրա գցելու ձև է, հատկապես որ ընտրատեղամաս գնացած ընտրողների մի մասն է, որ քվեարկել է կաշառքով։ Ընտրակաշառքի թեմայով նվնվացողները ավելի խելամիտ կվարվեն, եթե նախ և առաջ վերլուծեն սեփական իրական էլեկտորատի չափը, երկրորդ՝ սեփական քարոզչության որակը, երրորդ՝ վարչախմբի կեղծիքներին հակազդելու ռեսուրսները և մեթոդները, չորրորդ՝ թե ինչու քվեարկողների մեծ մասն ընտրատեղամասեր չի գնում և վերջապես հինգերորդ՝ ինչու է տեղամասեր գնացողների մի մասը նախընտրում կաշառք վերցնել՝ Հայաստանի իրենց փառապանծ տեսլականին կողմ քվեարկելու փոխարեն։
Ու ևս մեկ հետգրություն՝ դիտորդների ու վստահված անձանց մասին։ Այս ՏԻՄ ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ քվեարկության՝ վարչախմբին ձեռնտու ելքը վաղուց արդեն մեծամասամբ պայմանավորված չէ ընտրատեղամասերում խախտումներով։ Ընտրատեղամասերը կարող են լեփ-լեցուն լինել դիտորդներով, վստահված անձանցով, լրագրողներով, հանձնաժողովների ընդդիմադիր անդամներով, սակայն դա որևէ կերպ չի խոչընդոտում քվեարկությունների՝ վարչախմբի համար ձեռնտու ելքերին։
Խոսքն այն մասին չէ, թե նշված անձանց ֆունկցիան կարևոր չէ ընտրատեղամասերում խախտումների կանխարգելման առումով։ Խնդիրն այն է, որ խաբեություն է պատկերացումը, թե բացառապես ընտրատեղամասերում ներկա դիտորդներով ու վստահված անձանցով կարելի է ապահովել ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ։ Ազգովի այնքան ենք կենտրոնացել ընտրատեղամասերում քվեարկության ընթացքի դիտարկման վրա, կարծես ընտրությունները միայն ընտրատեղամասի ներսում քվեարկությունն է, այլ ոչ թե մի ամբողջ տևական գործընթաց՝ տարբեր փուլերով։ Տասնյակ հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ, լրագրողներ միմյանց հերթ չտալով լցվում են ընտրատեղամասեր, որ հետո միաձայն հայտարարեն հանրահայտ մի փաստ՝ ամեն ինչ տեղի է ունենում ընտրատեղամասից դուրս։ Այս առումով պետք է մտածել մարդկային և այլ ռեսուրսների ողջամիտ ու բազմակողմանի օգտագործման մասին»։