Home / Հայաստան / Կարո Եղնուկյանին ազատ արձակելու համար 1 միլիոն դոլարի գրավ կառաջարկեն

Կարո Եղնուկյանին ազատ արձակելու համար 1 միլիոն դոլարի գրավ կառաջարկեն

Եթե վաղը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք նիստի ժամանակ «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեղադրանքով հուլիսի 20-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանին ազատ չարձակեն, դա աննախադեպ երևույթ կլինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը (լուսանկարում)։

«Մենք պատրաստվում ենք 1 մլն դոլարի չափով գրավ առաջարկել, որպեսզի Կարո Եղնուկյանի կալանքի մասին որոշումը փոխվի։ Այս առաջարկն անհնար է մերժել, քանի որ այդ ամբողջ գումարը կանցնի պետությանը, եթե Կարո Եղնուկյանը մի աննշան քայլ անգամ անի, թեկուզ միջամտի նախաքննությանը կամ փորձի կապ հաստատել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ»,- ասել է Տիգրան Հայրապետյանը։

Փաստաբանը համոզված է, եթե Եղնուկյանին ազատ չարձակեն, ապա դա ևս մեկ անգամ կհաստատի այդ փաստը, որ նա քաղբանտարկյալ է․ «Եղնուկյանն առաջին անգամ չէ, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Նա հալածանքների է ենթարկվել դեռ Մաշտոցի պուրակի համար տարվող պայքարից և իշխանություններին պարզապես պատրվակ էր պետք Եղնուկյանին ձերբակալելու համար»։