«Վանաձոր Քիմպրոմ» ընկերությունն արդեն 2 տարի է չի կատարում դատարանի որոշումն ու չի վճարում «Վանաձոր» ՋԵԿ-ի մոտ 150-ից ավելի նախկին աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկով նախատեսված գումարները: ՋԵԿ֊ը մտնում էր «Վանաձոր Քիմպրոմ» ընկերության համակարգի մեջ։ Այսօր Կառավարության շենքի դիմաց ՋԵԿ֊ի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից պահանջելով լուծում տալ իրենց խնդրին։
Epress.am-ի հետ զրույցում ՋԵԿ-ի նախկին աշխատակիցներից Հրաչիկ Մարտիրոսյանը նշել է, որ ընդհանուր առմամաբ դատարանն ընկերությանը պարտավորեցրել է աշխատակիցներին վճարել մոտ 130 միլիոն դրամ։
«Ընկերությունը դատարանի վճիռը չի կատարում՝ պատճառաբանելով, որ գույք չունի, ոչ էլ հաշվեհամարի վրա գումար կա։ Ասում են՝ պարտքերից բացի, ոչինչ չունեն։ Հարցի լուծման համար բազմաթիվ քայլերի ենք դիմել։ 2 անգամ նախագահին ենք նամակ գրել, 2 անգամ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն այդպես էլ հարցին լուծում չեն տվել։ Մի անգամ էլ Կառավարությանը նամակ էինք գրել, բայց մեր նամակին պատասխանել է առողջապահության նախարարությունը։ Ծիծաղելի է դա, կարող ա մտածել են՝ հոգեկան հիվանդներ ենք, որ Կառավարությունից մեր աշխատավարջերն ենք ուզում», – ասել է Հրաչիկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ նախարարությունն ասել էր, որ կզբաղվեն վանաձորցիների խնդրով։
ՋԵԿ-ի աշխատակիցները նաև Վանաձորում են բողոքի ցույցեր են կազմակերպել։ Նրանք մայիսի 24-ին հանդիպել էր մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, որը խոստացել է, որ խնդիրները կքննարկվի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ։ Սակայն մինչ օրս մարդկանց լուծում չի առաջարկվել։
Բողոքողներին այսօր Կառավարությունից այդպես էլ ոչ ոք չի ընդունել։ Նրանք միայն գրավոր դիմում են կարողացել հանձնել։ ՋԵԿ-ի նախկին աշխատակիցներն ուղևորվել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցել է Աբրահամյանը, ՄԻՊ գրասենյակից իրենց պատասխանել են, թե խնդրի առնչությամբ ոչինչ չեն կարող անել, քանի որ ընկերության հաշվեկշռին գրանցված գույք չկա։