Հոկտեմբերի 5-ին Ղարաբաղի հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերում ռազմաճակատի մյուս կողմից արձակած կրակոցից ոտքերի շրջանում վիրավորում է ստացել երկու զինծառայող: Այս մասին հայտնում է «Եղնիկներ» զորամասում ծառայող զինվորներից մեկի ազգական Լիլիթ Գալստյանը։ Ըստ նրա՝ վիրավորներից մեկը Լոռու մարզի բնակիչ Սարգիս Հարությունյանն է։
«Լսել էի, որ դեպք է եղել «Եղնիկներում», երեկ ամբողջ օրը զանգում էինք մեր երեխային, որը նույնպես այնտեղ ծառայում է, անհասանելի էր։ Կապնվել եմ ռազվեդկայի պետի հետ, նա ասել է, որ երկու վիրավոր կա։ Նրանք հիմա հոսպիտալում են, բայց թե որ, չգիտեմ։ Զինվորները ոտքերի շրջանում են վիրավորում ստացել, ինչքան գիտեմ՝ ծանր վիրավորում չեն ստացել», – պատմել է Գալստյանը։
Epress.am-ի հետ հեռախոսազրույցում Ղարաբաղի բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը բղավելով հերքել է լուրը։ «Եթե նման բան լիներ, մենք կտարածեինք», – ասել է նա և անմիջապես անջատել կապը։
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախրարությունը հայտնել է «հայկական կողմի արձակած կրակի հետևանքով զինծառայող Սահիլ Մամեդովի մահվան» մասին։ Հաղորդագրությունում դեպքի վայրը չի նշվում։
Նույն օրը Ստեփանակերտը հերքեց ադրբեջանական կողմի հաղորդագրությունը՝ ընդգծելով, որ վերջին շրջանում հակամարտության գոտու տարբեր հատվածներում անհամեմատ ակտիվացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության կայքում ասվում է, որ Ադրբեջանը կիրառում է «ոչ միայն փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այլև գնդացիրներ ու հեռահար դիպուկահար հրացաններ»:
«Ասվածի ամենաթարմ ապացույցն այսօր շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կիրառված «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից արձակված շուրջ 50 թիրախավորված կրակոցներն են», – նշված է ղարաբաղյան ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Իսկ այսօր՝ հոկտեմբերի 7-ին Ղարաբաղից հայտնեցին հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայողի վիրավորման մասին․ «Առավոտյան՝ 08։30-ի սահմաններում, ղարաբաղա֊ադրբեջանական զորքերի շփման գծում հրազենային վիրավորում է ստացել 20֊ամյա զինծառայող Հայկ Լևոնի Համբարձումյանը»։ Նշվում է, որ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կողմից արձակած կրակոցից։