Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները դեռ չեն ստացել նախորդ տարի մթերված խաղողի դիմաց հասանելիք գումարը։
Գյուղի բնակիչներից Զաքար Պետրոսյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ վերջին անգամ խաղողագործների պարտքի չնչին մասը փակել են օգոստոս ամսին։ Միայն Պետրոսյանին «Վինար» գործարանը դեռևս պարտք է 520 հազար դրամ։
Խաղողագործի խոսքով՝ այս տարի քաղցրաշենցիներից ոչ ոք մեկ կիլոգրամ խաղող չի հանձնել գործարանին։ Ինքը՝ Պետրոսյանը, խաղողի մի մասը շուկայում է վաճառել, իսկ մնացած մասը քաղելու մտադրություն էլ չունի․ «Էս տարի խաղողի բերքն ավելի քիչ էր, բայց մեկ է գործարանին մի կիլոգրամ խաղող անգամ չենք հանձնել։ Մի մասը ֆուռերով հանձնել են արտահանող ընկերություններին, բայց մեծամասնությունը տարել է, շուկաներում վաճառել։ Իմ բերքի մի մասն էլ մնացել ա վազերի վրա, չեմ էլ ուզում քաղեմ»,- ասել է Պետրոսյանը։
Խաղողագործը նշել է, որ իրենք պատրաստվում են գումարները ստանալու պահանջով դիմել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին․ «Հիմա գյուղացիներն իրենց բերք ու բարիքով են զբաղված, բայց մոտակա օրերը պատրաստվում ենք բողոքի ցույցեր նորից անցկացնենք։ Երևի կգանք նոր վարչապետի մոտ, հիմա էլ իրենից կպահանջենք մեր գումարները։ Թե չէ հիմա ո՞ւմ պետքն ա գյուղացին ու գյուղացու խնդիրները»։
Նշենք, որ հոկտեմբերին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խաղողագործները մեկ տարի պայքարելուց հետո «Վեդի ալկո» ընկերությունից ստացան 2015 թվականին մթերված խաղողի համար իրենց հասանելիք գումարները:
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս ամբողջ գումարը չեն ստացել։ Խաղողը մթերել է «Վինար» գործարանը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։ Մեկ տարի շարունակ քաղցրաշենցիներն իրենց գումարը ստանալու համար Կառավարության շենքի և նախագահականի դիմաց բողոքի ակցիաներ են արել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, սակայն մթերված խաղողի դիմաց միայն գումարի մի մասն են ստացել։