Հայաստանում այսօր կան մոտ 10 խաղող մթերող ձեռնարկություններ, որոնք 2015 թվականին խաղողագործներից գնել են խաղող, բայց գնվածի դիմաց վճարումներ չեն իրականացրել։ Ընդհանուր առմամբ, խաղողագործներին պարտքը կազմում է շուրջ 1․8 միլիարդ դրամ։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
Վերջինս նշել է, որ մթերված խաղողի դիմաց գումար չստացած խաղողագործները գտնվում են ֆինանսական բավական ծանր վիճակում․ նրանցից շատերն ունեն ժամկետանց վարկեր, որոնց պատճառով մի մասը հայտնվել է դատական պրոցեսների մեջ։
Սարգսյանի խոսքով՝ կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ, բացի Երևանի Կոնյակի գործարանից, ոչ մի մթերող կազմակերպություն խաղողագործի հետ պայմանագիր չի կնքում։ Այս խնդիրը չլուծվելու դեպքում, Սարգսյանի հավաստմամբ, 3 ամիս անց նախորդ տարվա նույն խնդիրները կարող են առաջանալ։
Քաղցրաշենցիների խնդիրը հանդիպման մեկ այլ մասնակից՝ գյուղանտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը կապել է ռուբլու արժեզրկման, ինչպես նաև՝ 2015 թվականին խաղողի աննախադեպ բերքի հետ։ Ըստ նրա՝ դեռ «ի պատիվ մթերող ընկերությունների պետք է խոսել», որ նրանք մթերել են մի քանի անգամ ավել խաղող։ Նա հավելել է, որ ամենաուշը չորքեշաբթի քաղցրաշենցիները կստանան իրենց գումարները։ Մակարյանի խոսքով՝ քաղցրաշենցիներին իրականում խոստացել էին գումարները տալ 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, սակայն նրանք իրենց բողոքի ակցիաները սկսել են դեկտեմբերից։
Լրագրողից մեկը հետաքրքրվել է, թե ինչ պետք է անի պետությունը, որպեսզի խաղողագործներն այս վիճակին չհասնեն․ «Շահնազարյան Գինու կոնյակի տուն» ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը, որին պատկանող ընկերությունը նույնպես մթերված խաղողի դիմաց չվճարված մոտ 270 միլիոն դրամի չափով պարտքեր ունի, անբարոյականություն է համարել այս դեպքում մեղադրել պետությանը։ Ըստ նրա՝ «վերևներում նստած են սրտացավ և խելքով մարդիկ և ամեն ինչ անում են լուծում գտնելու համար»։