Կառավարությունը որոշել է 42 միլիոն դոլարով վաճառել Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող Դիլիջանի այսպես կոչված ուսումնական կենտրոնը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Խոսքն այն տխրահռչակ ու գերճոխ կառույցի մասին է, որը մեր պետբյուջեի միջոցներով կառուցվեց Պարզ լիճ տանող ճանապարհի մի գեղատեսիլ հատվածում։ «Ուսումնական կենտրոն» անվան տակ կառուցված այդ խրախճանքի օբյեկտի շինարարությունը սկսվեց 6 տարի առաջ, և դրա մտահղացման հեղինակը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էր», – նշում է թերթը։
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ մամուլում այդ ընթացքում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, թե այդ օբյեկտի շինարարության, ներքին հարդարման, կոմունիկացիաների, սպասքի և այլնի համար ՊԵԿ-ը աստղաբաշխական գումարներ է ծախսել և ձեռք է բերել հնարավորինս ամենաճոխ նյութերն ու սարքավորումները։
«Ձեռք էին բերվում գերթանկարժեք բրենդային մոխրամաններ, օճառամաններ, սպասք, սիգարներ կտրելու սարքեր, սանտեխնիկա, վարագույրներ, կահույք և այլն», – գրում է «ՀԺ»-ն՝ նշելով, որ մինչև այժմ պարզ չէ, թե ընդհանուր առմամբ որքան գումար է բյուջեից ծախսվել այդ օբյեկտի համար։
Ըստ որոշ հաշվարկների, նշում է թերթը, օբյեկտի շինարարությունը ավարտելու համար կպահանջվի մոտ 2 միլիոն դոլար։
«Բայց հատկապես այս տարվա ապրիլյան պատերազմից հետո, երբ հասարակական բողոքի ալիք բարձրացավ բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման և բանակի թերզինվածության առթիվ, արդեն գրեթե պատրաստ օբյեկտի շինարարության ֆինանսավորումը ըստ էության դադարեցվեց», -գրում է «ՀԺ»-ն։
Թերթը հավելում է, որ, ըստ իրեն հասած լուրերի, այդ օբյեկտը գնելու առաջարկ է արվել գործարար Ռուբեն Վարդանյանին, սակայն նա հրաժարվել է։
«Կառավարության կուլիսներում կես կատակ-կես լուրջ ասում են, որ եթե գնորդ չգտնվի «ուսումնական կենտրոնը» պետք է «կամավոր-պարտադիր» պայմանով վաճառվի դրա կառուցման գաղափարի հեղինակին՝ Գագիկ Խաչատրյանին», – եզրափակում է «Հայկական ժամանակը»։