Мне плевать на права человека (Ես թքած ունեմ մարդու իրավունքների վրա)։ Այսօր «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնում նման հայտարարություն է արել հոգեբույժ Վազգեն Առաքելյանը, երբ «Հելսինկյան ասոցացիա» իրավապաշտպան կազմակերպության խորհրդի նախագահ Էդուարդ Դանիելյանը ասել է, որ բժշիկները խախտում են ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ հոգեբուժարան տեղափոխված Վարդենիսի բնակիչ, փականագործ Արմեն Երանոսյանի իրավունքները։
Արմեն Երանոսյանի մի քանի օր հացադուլ էր անում ՀՀ կառավարության շենքի մոտ․ որպես բողոքի միջոց նա կարել էր բերանը՝ պահանջելով վերականգնել իրեն աշխատավայրում։
Այսօր Epress.am֊ի թղթակիցը զանգահարել է Երանոսյանին, և վերջինս ասել է, որ երկու օր առաջ իրեն տեղափոխել են հոգեբուժարան։ Տղամարդու հետ զրուցելուց հետո «Հելսինկյան ասոցացիայի» իրավապաշտպանները և Epress․am-ի թղթակիցն այցելել էին հոգեբուժական կենտրոն։
Կենտրոնի տնօրեն Արմեն Անանյանը, մինչև Երանոսյանին կբերեին մեզ հետ հանդիպման, պնդում էր, որ վերջինս փորձել է ինքնասպանության փորձ կատարել՝ իրեն նետելով Կիևյան կամրջից, այդ իսկ պատճառով ոստիկանները 40-ամյա տղամարդուն իրենց մոտ են բերել։
Անանյանը հավատացնում էր, որ Երանոսյանին փրկել են 2 երիտասարդ աղջիկներ, և իրենք էլ զանգել են ոստիկանություն․ «Ինքը շատ ծանր հոգեկան վիճակում էր, ու ես իրա հետ էլ խոսացի առավոտյան, հասկացա, որ իսկապես այստեղ մնալու կարիքը ունի։ Մարդուն հոգեբուժարանում ստիպողաբար պահում են այն դեպքում, երբ նա կարող է վնասել ուրիշին կամ իրեն։ Արմենի դեպքում ես համոզված չեմ, որ ինքը նորից ինքնասպանության փորձ չի անի»։
Սակայն երբ տնօրենի սենյակ բերեցին Արմեն Երանոսյանին, վերջինս միանգամայն այլ բան պատմեց։ Նրան մինչև բերելը դեղեր էին ներարկել, ու նա չէր կարողանում նորմալ քայլել։
Վարդենիսի բնակիչն ասաց, որ իր հոգեբուժարանում գտնվելու մասին հաստատությունը չի զգուշացրել նրա հարազատներին։ Բժիշկներն ասացին, որ չեն տեղեկացրել, քանի որ ինքը Երանոսյանը, իրենց ներկայությամբ տուն էր զանգահարել։ Երանոսյանն էլ ասաց, որ մորը չի ասել, թե իրականում որտեղ է, քանի որ նա կարող էր «ինֆակտ ստանալ»։
Վարդենիսցու խոսքով՝ ինքը ամենևին էլ ցանկություն չի ունեցել ինքնասպան լինել, այլ շարունակել է իր բողոքը ՀՀ կառավարության շենքի մոտ։ Իրեն զանգահարել են ոստիկանությունից ու ասել, որ գա Կիևյան կամրջի մոտ, որտեղ իրեն կհանդիպեն ու խնդիրներին լուծում կտան։
Երանոսյանը մեկնել է Կիևյան․ այնտեղ նրան հանդիպել են մի քանի ոստիկաններ, ուժի կիրառմամբ մեքենա են նստացրել ու տարել հիվանդանաոց, որ քանդեն բերանի կարերը։
«Իրանք ձեռներս ոլորեցին, ոտքս գլխիս քցեցին, էն մի ոտս էլ ձեռիցս կապեցին, որ չկարողանամ ոչ մի կերպ շարժվեմ։ Տարան հիվանդանոց, որ կարերս քանդեն։ Ճանապարհին վիրավորում էին, ասում էին՝ քյալ գյուղացի ես, իսկ երբ ասեցի՝ պաշտպանի (նկատի ունի օմբուդսմենին֊խմբ․) մասին, սկսեցին հայհոյել, թե ինչ պաշտպան, ինչ բան։ Անգամ չեմ ուզում ասեմ, թե էլ ինչեր էին անում իմ հետ ոստիկանները։ Իսկ կամրջի մոտ ես լացում էի, դրա համար երկու աղջիկներ մոտեցան, որ իմանան՝ խի եմ լացում, բայց ես ինձ սպանելու միտք չեմ ունեցել, ես 80 տարեկան մայր ունեմ, վարկով փող եմ վերցրել, տնտեսություն եմ ստեղծել, որ կարողանամ էդ վարկերս գոնե փակեմ, հետո էլ ընտանիք կազմեմ։ Ես ո՞նց կարայի ինքնաասպանություն անել», ֊ պատմել է Երանոսյանը։
Նա նշել է, որ երբ ինքը հացադուլ էր անում ՀՀ կառավարության մոտ ու կարել էր բերանը, ոստիկանները մի քանի անգամ սպառնացել են՝ պահանջելով դադարեցնել բողոքի ակցիաները․ «Երբ Կառավարության դիմաց կարել էի բերանս ու լրագրողները նկարել էին դա, ոստիկանները մատ էին թափ տալիս, թե իբր՝ խելոք մնա»։
Հիվանդանոցում բերանի կարերը քանդելուց հետո ոստիկանները Երանոսյանին բերել են «Նուբարաշեն» կենտրոն, որտեղ, տնօրենի պնդմամբ, նա ինքնակամ մնալու թուղթ է ստորագրել։ Տղամարդը, սակայն, ասաց, որ ինքը չի իմացել, թե ինչի տակ է ստորագրում։
Մեր ներկայությամբ տնօրենն անընդհատ պնդում էր, որ Երանոսյանը կրկին պատմի եղածը և հավաստիացնում, որ նա իրեն առավոտյան այլ բան է պատմել, իսկ հիմա այլ բան է պատմում։
Անանյանը հորդորում էր «տղամարդավարի ճիշտը» պատմել ու չխաբել։ Երանոսյանը, սակայն, մի քանի անգամ նույնությամբ կրկնեց պատմությունը։
«Հելսինկայն ասոցացիայի» երկայացուցիչները տնօրենից պահանջեցին բաց թողնել տղամարդուն՝ նշելով, որ ակնհայտորեն խախտվում են նրա իրավունքները։ Կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը նշել է, որ կիրառվում է ԽՍՀՄ-ից մնացած պատժիչ հոգեբուժության պրակտիկան։ Տեժացող զրույցի ընթացքում կենտրոնի բժիշկներից հոգեբույժ Վազգեն Առաքելյանը բորբոքված սկսել է բղավել, թե թույլ չի տա «հիվանդին» դուրս տանել, իսկ տանելու դեպքում «դատի կտա»։ Էդուարդ Դանիելյանը պնդել է, որ դա մարդու իրավունքների խախտում է, իսկ բժիշկը պատասխանել է, թե թքած ունի մարդու իրավունքերի վրա, իր համար «բուժումն է կարևոր»։
Նույն Առաքելյանը զրույցի սկզբում պնդում էր, որ Երանոսյանին դեղեր չեն ներարկել, սակայն ավելի ուժ ասաց՝ թույլ հակադեպրեսանտներ և այլ թույլ հոգեմետ դեղեր են տվել։
Երկար վեճերից հետո «Նուբարաշենի» տնօրենը թույլ է տվել Երանոսյանին դուրս գալ իրավապաշտպանների հետ։
Վազգեն Առաքելյան