Կառավարությունն առաջարկում է «Զբաղվածության մասին» օրենքը փոփոխել այնպես, որ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձանց գործազուրկի կարգավիճակից չզրկեն, իսկ այն անձինք, ում պատժի կրման ավարտին մնացել է 6 ամիս, հնարավորություն ունենան ընդգրկվել մասնագիտական ուսումնական ծրագրերում։
Օրինագծի հեղինակների նպատակն այն է, որ պատժից հետո նախկին դատապարտյալները աշխատանք գտնեն և վերաինտեգրվեն հասարակությանը։ Նախագիծը ԱԺ արտահերթ նիստին ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։ Չնայած պատգամավորները հիմնականում դրական են գնահատել այն, նրանցից մի քնաիսը որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն տեսան։
Քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, մասնավորապես, նշել է, որ բարդ է մարդուն վերադարձնել հասարակություն, եթե նա անարդար կերպով է դատապարտվել։
«Եթե անձը անմեղ է, կամ ուրիշ բան է արել, ուրիշ բանի համար դատապարտում են, էդ մարդու ի՞նչը ուղղենք, ի՞նչը վերադաստիարակենք, ի՞նչը վերադարձնենք։ Ինքն էդ ամբողջ պատիժը կրելու ընթացքում թշնամությամբ լցվելու է համ ՔԿՀ֊ի վարչակազմի, համ իրավապահ մարմինների, համ դատարանի, համ էլ ամբողջ հասարակության դեմ»,֊ ասել է Ջհանգիրյանը։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ՔԿՀ֊ներում շատ այլ, ավելի հեշտ լուծելի խնդիրներ կան, որոնք չեն լուծվում։ նրա խոսքով՝ ՔԿՀ֊ներում չկան գրադարաններ, կան «նավթալին» գրքեր, որոնք կրթության հարց չեն կարող լուծել։ Զոհրաբյանը նաև ընդգծել է, որ իրենց մոնիթորինգները ցույց են տալիս, որ դատապարտյալների 30 տոկոսը չունի հարազատներ Հայաստանում, ուստի անհրաժեշտ է ինտերնետի ապահովում, որպեսզի նրանք կարողանան հարազատների հետ խոսել։
«Խնդրում եմ նշեք, որտեղից գումարը, եթե սա գրանտ է, դրամաշնորհ է։ Ես արդեն լուրջ մտավախություն ունեմ , որ էսպես հերթական փողն է, դրսից գալիս է էդ ծրագրի համար, անենք, սրա դիմաց էլ «գալչկա» դնենք: Խնդրում եմ նշեք, որտեղից են գումարներն այդ մարդկանց վեց ամիս հետո վերապատրաստելու համար։ Որովհետև օդից որևէ մեկը որևէ մեկին չի կարող վերապատրաստել։ Գործազուրկների 18 հազար նպաստը կտրեցին ԱԺ մեծամասնության թեթև ձեռքով, թե իբր վերապատրաստելու են գործազուրկներին։ Երբ հարց ես տալիս՝ բա քանիսը վերապատրաստվեց, քանիսը այսօր ունի աշխատանք։ Օդում պատասխաններ, ոչ մի կոնկրետություն»,֊ ասել է Զուրաբյանը։
Քրմոյանն ասել է, որ նշված ծրագիրն իրականացնելու համար ֆինանսական միջոցներ պետք չեն։