ԱԺ֊ն օրերս վավերացնել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը, որով Վճռաբեկ դատարանը այսուհետ կարող է որոշ գործերով վճիռներ կայացնելիս դիմել ՄԻԵԴ՝ խորհրդակցական նպատակով։ Խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն ասել է՝ սա լուրջ հնարավորություն է, որ ՄԻԵԴ֊ում Հայատսանի Հանրապետության կողմից պարտվող գործերի քանակը նվազի։
2014-2016 թվականներին ՄԻԵԴ֊ը Հայաստանի Հանրապետության դեմ բազմաթիվ վճիռներ է կայացրել՝ պարտավորեցնելով Կառավարությանը ՀՀ քաղաքացիներին վճարել ընդհանուր առմամբ 335 հազար եվրո։
Իրավաբան, ՄԻԵԴ֊ում Հայաստանի ներկայացուցչի նախկին թեկնածու Արա Ղազարյանը, Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով 16-րդ արձանագրության վավերացմանը, այն դրական է գնահատել։ Այնուամենայնիվ, նրա գնահատմամբ, այն մեծ փոփոխություններ չի մտցնելու Հայաստանի դեմ կայացվող վճռների թվի նվազման առումով։
«Վճռաբեկը այդքան էլ շատ որոշումներ չի կայացնում։ Ենթադրենք, տարին 100 որոշում է կայացնում, որոնցից գուցե մեկը կայացնելիս դիմի ՄԻԵԴ՝ խորհրդակցության նպատակով։ Կամ երկու տարվա ընթացքում 3 անգամ»,֊ ասել է Ղազարյանը։
Իրավաբանը բացատրել է, որ Վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս խոհրդակցական նպատակով կարող է դիմել ՄԻԵԴ, եթե գործը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որևէ հոդվածի։
«Մեզ համար ավելի կարևոր է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 15-րդ արձանագրությունը, որով նվազեցվում են ՄԻԵԴ֊ում գործերի քննության ժամկետները»,֊ ասել է Ղազարյանը։
Այժմ գործերը ՄԻԵԴ֊ը քննում է 6֊ամսյա ժամկետում, արձանագրությունը առաջարկում է սահմանել 4 ամիս ժամկետ։ Այն ուժի մեջ կմտնի, եթե ստորգրվի Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների կողմից։ Հայաստանը սույն արձանագրությունը վավերացրել է։