«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը համապատասխան դեղորայք չստանալու պատճառով հոկտեմբերի 13-ից մինչև օրս հացադուլ է անում։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
«․․․Առողջական լուրջ խնդիրներ ունի, տեղաշարժվում է հենակների օգնությամբ․․․վերջին երեք-չորս տարիներին բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոցում», ապրում է դեղորայքով, երրորդ կարգի հաշմանդամ է», – այս մասին իրավապաշտպաններին է հայտնել դատապարտյալի եղբայրը՝ Հուսիկ Մարուքյանը։
Նրա պնդմամբ՝ այս տարվա հոկտեմբերի 13-ին Բժշկական աշխատանքային հանձնաժողովի որոշմամբ «Դատապարտյալների հիվանդանոցից» դուրս գրվելուց հետո Մարուքյանին որևէ դեղամիջոց չի տրամադրվել, որից հետո, ի նշան բողոքի, նա հացադուլ է հայտարարել։
«Հաշվի առնելով պետության պատասխանատվությունը իր իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ՝ Վահագն Մարուքյանի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկելու հարցով 2016 թ. հոկտեմբերի 26-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ Արադարադատության նախարարություն», – նշված է գրասենյակի հայտարարության մեջ: