Երեկ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է 20 տարի անազատության մեջ գտնվող ցմահ բանտարկյալ Արթուր Մկրտչյանի դիմումը՝ իրեն պայմանական ազատելու վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում է Hetq.am կայքը։
«Նուբարաշեն» ՔԿՀ ներկայացուցիչ, կապիտան Արմեն Պետրոսյանը դատարանում ևս մեկ անգամ նշել է, որ դիմումը մերժելու պատճառներից մեկն այն է, որ Մկրտչյանը չի մարել տուժողներին պատճառած վնասները։
Կայքի տեղեկացմամբ՝ Մկրտչյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշել է, որ իր համար դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժման որոշումը սպասելի էր, քանի որ մինչ այդ նույն դատարանը մերժել էր ևս երկու ցմահ բանտարկյալի նույնաբովանդակ դիմումները:
Ռևազյանի խոսքով՝ նման որոշումը ևս մեկ անգամ ապացուցել է, որ Հայաստանում դատարաններն անկախ չեն։
Փաստաբանը նաև հավելել է, որ իրենք որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:
Hetq.am֊ը նշում է, որ Հայաստանում որևէ նախադեպ չի եղել, երբ 20 տարի պատիժը կրելուց հետո դատապարտյալը ներկայացվի պայմանական ազատման և չնայած, մոտ 15 ցմահ բանտարկյալ հատել է քրեական օրենսգրքով սահմանված պայմանական ազատման համար նախատեսված 20 տարվա շեմը, սակայն նրանցից ոչ ոք դեռ չի ներկայացվել ազատման:
Նշենք, որ Արթուր Մկրտչյանը 1997-ին դատապարտվել է մահապատժի՝ 5 համածառայակիցների սպանության մեղադրանքով, ապա 2003-ին մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և առ այսօր պնդում է, որ ինքը ոչ մեկին չի սպանել: