2014-ի սեպտեմբերին Lgbtnews.am կայքը, որը հաքերային հարձակումներից հետո դադարեցրել էր գործել, հայտարարել է, որ վերսկսում է աշխատանքները։ Այդ կապակցությամբ կայքի խմբագրակազմը նամակով դիմել է ընթերցողներին՝ պատմելով ստեղծված իրավիճակի մասին։
«2014-ի սեպտեմբերին հիմնադրված և ուղիղ մեկ տարի Նորվեգիայի կառավարության աջակցությամբ գործած էլեկտրոնային տեղեկատվական այս կայքը հետագայում աշխատում էր խմբագրակազմի անդամների կամավորությամբ:
Լրատվամիջոցի գործունեության ողջ ընթացքում կայքը բազմաթիվ անգամ ենթարկվել է հաքերային հարձակումների և երբեմն հասանելի չի եղել ընթերցողին, բայց առաջին մեկ տարվա ընթացքում մասնագետ ունենալու շնորհիվ մեզ հաջողվում էր արագ վերականգնել այն:
2016-ի կեսերին, երբ խմբագրակազմն արդեն աշխատում էր կամավորության սկզբունքներով ու ռեսուրսների բացակայության պատճառով չուներ տեխնիկական անվտանգության մասնագետ, կայքը կրկին մի քանի անգամ ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի հետևանքով լրատվամիջոցի հասանելիությունից զատ էական վնաս էր հասցվել թե՛ կայքի արխիվին, թե՛ տեխնիկական այլ պարամետրերին:
Այս ընթացքում թվով 11 ծրագրավորող հրաժարվել է աշխատել կայքը վերականգնելու ուղղությամբ, թեև խմբագրակազմի անդամներն իրենց անձնական միջոցներից պատրաստ են եղել վճարել անհրաժեշտ գումարը: Մասնագետները տարբեր պատրվակներով հրաժարվել են նախնական պայմանավորվածությունից ու աշխատելուց, երբ տեղեկացել են կայքի անվան և ուղղվածության մասին:
Այնուամենայնիվ, այժմ ուրախությամբ հայտնում ենք, որ մեզ հաջողվել է գտնել ողջախոհ և պրոֆեսիոնալ մասնագետների, որոնք տևական աշխատանքից հետո վերականգնել են LGBTnews-ի արխիվը և հասանելի դարձրել կայքն ընթերցողի համար: Այսպիսով, մենք հնարավորություն ունենք շարունակելու մեր գործունեությունը և հրապարակելու նոր նյութեր:
Իրավապահ մարմիններին հիշեցնում ենք, որ կիբերհարձակումներն ու դրանց հետևանքով օնլայն ռեսուրսների վնասումը հանցագործություն է և հորդորում ենք այսուհետ կատարել օրենսդրությամբ ամրագրված իրենց գործառույթները, այն է՝ նման գործողությունների կանխարգելումը, ինչպես նաև բացահայտումը:
Կայքի այժմյան դիզայնը ժամանակավոր է. առաջիկայում LGBTnews-ը հասանելի կլինի նոր, ընթերցողի համար շատ ավելի հարմար տեսքով», ֊ մասնավորապես, նշում են կայքի աշխատակիցները: