Բանակում ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողներն այսօր ՀՀ դատախազության շենքի դիմաց ակցիա են անցկացրել՝ հանդիպում պահանջելով նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։
Epress․am-ի հետ զրույցում 2010 թվականին մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ասել է, որ 20 օր առաջ իրենց դատախազությունում ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը, ով խոստացել է 10 օրվա ընթացքում հանդիպում կազմակերպել Դավթյանի հետ, սակայն 20 օր է անցել, իսկ Մելքոնյանն այդպես էլ չի զանգել, մայրերի զանգերին էլ չի պատասխանել։
«Այսօր զայրացած էկանք դատախազություն, որ վերջապես մեր հարցերի պատասխանները տան ու դատախազը մեզ ընդունի։ Մեզ ինչ-որ աղջիկ մոտեցավ, ով չներկայացավ էլ, ասեց՝ սպասեք, հեսա կմոտենան, բայց երկար ժամանակ այդպես էլ ոչ ոք չմոտեցավ։ Մենք արդեն բարկացանք ու սկսեցինք աղմուկ բարձրացնել, որից հետո միայն այդ նույն աղջիկը եկավ ու ասեց, որ վաղը մեզ կզանգեն ու երեքշաբթի օրվանից բոլոր մայրերիս առանձին-առանձին կընդունի դատախազը», ֊ ասել է Նանա Մուրադյանը։
Մուրադյանը նշել է, որ դատախազի հետ հանդիպմանն իրենք պատրաստվում են իրավապաշտպանների հետ ներկայանալ։
Բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների ծնողները տարիներ շարունակ պայքարում են՝ պահանջելով արդար քննություն անցկացնել իրենց որդիների գործերով։ Նրանց բողոքի ակցիաների պատմությունը՝ այստեղ։