Մի խումբ կանայք այսօր նամակ են հանձնել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով «միջոցներ ձեռնարկել ԴԱՀԿ (ԴԱՀԿ) ծառայության ապօրինի գործողությունների դեմ»։ ԴԱՀԿ֊ը չի կատարում դատարանների վճիռները, որոնց համաձայն այդ կանանց պետք է վերադարձվեն հայրերի հետ ապրող երեխաները։ Նամակի հեղինակները նախորդ երկու օրերին բողոքի ակցիաներ են անցկացրել ԴԱՀԿ ծառայության շենքի մոտ, սակայն իրենց գոհացնող պատասխան չեն ստացել։
Իրենց նամակում բողոքողները խնդրել են նաև, որպեսզի վարչապետը հանդիպի իրենց և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ակցիային աջակցող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մեջ ընդգրկված կազմակերպություններից մեկի՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» համանախագահ Լարա Ահարոնյանը (լուսանկարում) նշել է, որ իմաստ չունի այլևս հավաքվել ԴԱՀԿ-ի շենքի մոտ, քանի որ նրանք ամեն ինչ անելու են հարցի լուծումն անիմաստ հետաձգելու համար․ «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ քանի որ իրենք ոչ մի շահ չունեն, դրա համար էլ ոչ մի քայլ չեն ձեռնարակում»։
Ահարոնյանն ասել է, որ առհասարակ պետք է դադարեցնել ԴԱՀԿ-ի գործունեությունը, քանի որ «նրանք սնվում են մեր հարկերով, բայց չեն կատարում իրենց գործը»։
Ակցիայի մասնակիցներին էր միացել նաև նախկին ամուսնու կողմից այս տարվա հուլիսի 8-ին կացնահարված Թագուհի Մանսուրյանը։
«Ես այսօր կանգնել եմ այս կանանց կողքին՝ որպես կին, ինչպես նաև ԴԱՀԿ-ի անգործությւոնների դեմ ես նույնպես բողոք ունեմ։ Մի քանի անգամ ԴԱՀԿ աշխատողների ներկայությամբ իմ ամուսնը բարձրաձայնել է, որ վերացնելու է իմ ընտանիքը, ու չի թողնելու, որ իմ երեխայի երկու տարեկանը լռանա․․․ հոկտեմբերի 31-ին լրացավ իմ երեխայի երկու տարեկանը, բայց ինքը սպանեց իմ մայրիկին», – ասել է Մանսուրյանը։