Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցում դասադուլը դադարեցվել է, դասերը երկօրյա դադարից հետո վերսկսվել են այսօր առավոտյան։ Ուսուցիչների և դպրոցականների պահանջը կատարվել է, փոխվել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի փոխտնօրեն, աշխարհագրության ուսուցիչ Տիգրան Գասպարյանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է դպրոցի ուսուցիչներից մեկը:
«Այսօր առավոտյան էլի դպրոց չէինք մտնում, բայց եկավ մարզպետի խորհրդական Սիրամարգ Ղուկասյանը, ահագին խոսեց, ասաց՝ դուք ասեք՝ ում եք ուզում նշանակել։ Մենք էլ առաջադրեցինք մեր փոխտնօրենին: Իսկ մարզպետի հրամանով պաշտոնից ազատվեց իր կողմից նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը», – ասել է դպրոցի ուսուցչուհին:
Տնօրենի նորընտիր ժամանակավոր պաշտոնակատարը դպրոցը կկառավարի մինչև դեկտեմբերի 29-ին դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից Աղձքի դպրոցականները և ուսուցիչները դասադուլ էի սկսել՝ բողոքելով մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կողմից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնայա Միքայելյանի նշանակման դեմ: Աղձքի բնակիչները պնդում էին, որ դպրոցի նախկին տնօրենը հանիրավի է հեռացվել պաշտոնից, իսկ նոր տնօրենը մարզպետի բարեկամներից է: