Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրտսեր սերժանտի արձակած կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանը։ Այս մասին հաղորդագրությունն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«Ժամը 02:15-ի սահմաններում, կրտսեր սերժանտը, նշանակված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում, խախտել է մարտական հերթապահության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոցներ է արձակել նույն զորամասի պահանության տեղամասի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով նռնակաձիգի օգնական, շարքային Վարդան Հովհաննեսի Առաքելյանն ստացել է մահացու հրազենային վիրավորում», -ասված է հաղորդագրության մեջ:
Նշված է նաև, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով):
News.am-ը հաղորդում է, որ զինվորը Արմավիրի մարզի Արազափ գյուղից էր և ընտանիքը ապրում էր սոցիալապես ծանր պայմաններում։
Կայքի հաղորդմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 15-ին, հուղարկավորության ժամանակ, զինվորի հորը՝ Հովհաննես Առաքելյանին, փոխանցել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալը։