Կառավարությունն արդեն 11 ամիս վճարում է որոշ մարդկանց՝ սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումներ կատարելու համար, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթն ընդգծում է, որ այդ նպատակով այս տարի պետբյուջեից 191 միլիոն դրամ է հատկացվել Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի ղեկավարն է Տիգրան Աբրահամյանը։
Համաձայն կառավարության աշխատակազմի հետ կնքված պայմանագրի՝ այս ՊՈԱԿ-ը պարտավոր է հեռուստահաղորդումների էլեկտրոնային կայքերի, հանրապետական թերթերի, սոցիալական ցանցերի շուրջօրյա մշտադիտարկում տեղեկատվության մշակում, ամփոփում անել համառոտ տեղեկանքում։ Տեղեկանքները տրամադրվում են վարչապետին և կառավարության աշխատակազմին։ Տարվա 12 ամսվա ընթացքում 2 300 հրապարակում է արվում, որոնցից յուրաքանչյուրի միջինացված գինը սահմանված է 17 հազար 140 դրամ։ Այս աշխատանքի համար նախատեսված է ընդհանուր 39 միլիոն 422 հազար դրամ։
ՊՈԱԿ-ը նաև իրականացնում է ՀՀ կառավարության գործունեության լուսաբանում էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ներում հոդվածների, տեղեկատվական նյութերի հրապարակման տեսքով, իսկ սոցիալական ցանցերում տեղեկատվական և վերլուծական բնույթ կրող գրառումներ կատարելով։ Թերթը նշում է, որ տարվա ընթացքում նախատեսված է նման բովանդակությամբ 5480 նյութ հրապարակել, որոնցից յուրաքանչյուրի միջինացված գինը կազմում է 15 հազար 100 դրամ։ Այս աշխատանքների համար էլ մեկ տարվա ընթացքում նախատեսված է ծախսել 82 միլիոն 748 հազար դրամ։