Եթե առաջ մարդիկ չէին բարձրաձայնում կոռուպցիայի մասին, քանի որ մտածում էին, թե «բան չի փոխվի», ապա հիմա ավելի շատ չեն խոսում այդ մասին, քանի որ վախենում են։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը (լուսանկարում)՝ ամփոփելով իրենց կազմակերպության կողմից 2015֊ի դեկտեմբեր֊2016֊ի մայիս ժամանակահատվածում անցկացված սոցիոլոգիական հարցումները։
«Անհանգստացող երևույթ է նկատվում․ մարդիկ սկսել են վախենալ բարձրաձայնել կոռուպցիայի մասին։ Նման դեպքերի մասին բարձրաձայնել հրաժարվողներից 41 տոկոսն ասել է, որ իրենք վախենում են հետևանքներից։ Նախկինում կոռուպցիայի դեպքերի մասին չբարձրաձայնողների 68 տոկոսն ասում էր, որ չեն բարձրաձայում, քանի որ կարծում են՝ միևնույն է ոչինչ չի փոխվի։ Այժմ այդպես է մտածում 23 տոկոսը»,֊ ասել է Հոկտանյանը։
Հարցումը ցույց է տալիս նաև, որ Հայաստանը ռեկորդակիր է կոռուպցիայի դեմ պայքարելու հնարավորություն չտեսնելու հարցում․ ավելի քան այլ երկրներում Հայաստանում հարցվածներն ասել են, որ իրենցից ոչինչ կախված չէ։
2003 թվականից ի վեր անցկացվող կոռուպցիայի վերաբերյալ այս համաշխարհային հարցումն այս տարի ունեցել է նաև մեկ այլ նոր հարց․ արդյո՞ք հարուստներն ազդում են ձեր երկրի քաղաքականության վրա։ Եվրամիության երկրներում հարցվածներն ավելի շատ են այս կապը տեսել, քան ԱՊՀ երկներում հարցվածները։ Ըստ Հոկտանյանի՝ պատճառն այն է, որ ԱՊՀ֊ում մարդկանց մոտ դեռ ավելի վառ է «չինովնիկի» կերպարը։
Իրենց երկրների հակակոռուպցիոն գործողություններից ամենաշատը դժգոհ են Ուկրաինայում։ Այդ երկրում հարցվածների 86 տոկոսը դժգոհ է իրենց իշխանությունների վարած հակակոռուպցիոն գործողություններից։ Հայաստանում այդ ցուցանիշը 65 տոկոս է կազմում։