«Սասնա ծռեր» խմբի անդամները չեն կարող վկայություն տալ Ամանորի գիշերը ոստիկանների հետ բախման հետևանքով ձերբակալված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի (լուսանկարում) գործով։ Այսօր նման որոշում է կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշել է, որ «Սասնա ծռեր» խմբի գործով քննիչներից մեկը դատարանին խնդրել է թույլ չտալ խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին, Սերգեյ Կյուրեղյանին, Գագիկ Եղիազարյանին և Սմբատ Բարսեղյանին, ինչպես նաեւ խմբին օժանդակելու հոդվածով կալանավորված Կարո Եղնուկյանին ու Հովհաննես Ղազարյանին դատարան բերել՝ պատճառաբանելով, որ նրանք կարող են նախաքննական գաղտնիք հայտնել։ Դոլմազյանը, հիմնվելով քննիչի գրության վրա, դատարանին միջնոդել է վկաներին չհարցաքննել դատարանում և հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքը։
Դատավորն ընդունել է միջնորդությունը և որոշել է հրապարակել վերոնշյալ անձանց՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Մնացական Մարտիրոսյանի որոշումը վրդովվեցրել է պաշտպանական կողմին։ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշել է, որ դատավորը կողմնակալ է և ենթարկվում է դատախազի ճնշումներին, ինչի հետևանքով իրենք զրկվում են ապացույցներ ներկայացնելու իրավունքից։ Հայրապետյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ վերջինս բացահայտ կողմապահություն է ցուցաբերում։
Մնացական Մարտիրոսյանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը:
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 23-ին:
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում: