Հայաստանյան խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: Երեկվա դրությամբ «Երևան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ ընդգծելով, որ դա տարօրինակ երևույթ է։
«Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են: Սակայն այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին (ՀՀԿ խմբակցության օլիգարխ պատգամավոր) պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին», – գրում է «ՀԺ»-ն:
Թերթը համեմատության համար նշում է, որ այս տարի ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ, իսկ անցած տարի ներկրվածինը` 42 ցենտ: Այսինքն, շաքարի ներկրման գինը նվազել է 14 տոկոսով: Անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, վաճառվում էր 350 դրամով, հիմա` 405 դրամով:
«Այսինքն` թանկացել է 15 տոկոսով: Եվ ուրեմն, ներկրվող շաքարը էժանացել է 14 տոկոսով, խանութներում այն թանկացել է 15 տոկոսով: Շաքարի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված է, և շաքարի գնի նման պատկերը տեսականորեն ամբողջությամբ գտնվում է Արտակ Շաբոյանի ղեկավարած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի «տեսահորիզոնում»: Թե որքանով այդ հանձնաժողովը ուշադրություն կդարձնի գնային այս «բեսպրեդելին», դեռ հայտնի չէ», -գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում