Անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վիճակը շարունակում է անփոփոխ մնալ, այն է՝ ծանր: Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել են նրա քույրը՝ Թամարա Հարությունյանը և փաստաբան Հայարփի Սարգսյանը։
Փաստաբանը նշել է, որ երեկ էլ դատարանը մերժել է Հովհաննեսին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը և 2 ամսով երկարաձգել է նրա կալանքը։ Պետական կառուցները Հարությունյանի առողջական խնդիրների վերաբերյալ ահազանգերին չեն արձագնաքել։
«Միայն ՄԻՊ -ից են ինձ հետ կապվել և խնդրել են, որ իրենց փոխանցեմ Նիդեռլանդներից ստացած բժիշկների եզրկացությունը Հովհաննեսի առողջության վերաբերյալ, որպեսզի դիմեն Դատախազություն»,- ասել է Հայարփի Սարգսյանը։
Նշենք, որ «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը երթ էր անցկացրել և պետական պահանջել ճշտել, թե ինչ է իրականում կատարվում Հարությունյանի հետ, որը վիրավոր ոտքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ին ոստիկանների կողմից արձակված կրակոցների հետևանքով ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում է ստացել և մոտ 2 ժամ անց տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այնտեղ նրա ոտքից որոշ բեկորներ են հեռացրել: Ոտքի վիրահատություն չի իրականացվել։ Հայարփի Սարգսյանը բազմիցս ահազանգել է, որ այդպես էլ չիրականացված վիրահատությունը հետևանքով այսօր նրա վիրավոր ոտքը ծայրահեղ վատ վիճակում է՝ բարակել է և փոխել է գույնը։ Հովհաննեսը չի կարողանում առանց հենակների տեղաշարժվել, պահանջում է անհրաժեշտ բուժում ապահովել։