Այսօր՝ 03։00-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցի «Դրախտ» ռեստորանային համալիրի մոտակայքում վիճաբանության ժամանակ դանակահարվել է Չարենցավան քաղաքի 22-ամյա բնակիչ Տիգրան Շահգալդյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ երիտասարդը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Կայքի փոխանցմամբ՝ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը։
Ոստիկանությունը պարզել է, որ վիրավոր Շահգալդյանը մինչև վնասվածքներ ստանալը եղել է իր ընկերների, այդ թվում՝ Տրդատ Խաչատրյանի հետ։
«․․․Վերջինս աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում։ Ծաղկաձորից այցելելով «Օջախ» ռեստորանային համալիր՝ այնտեղ ինչ-որ հարցի շուրջ վիճանաբել են միմյանց հետ, այնուհետև Տրդատը սպիտակ գույնի Porsche Cayenn-ով դուրս է եկել «Օջախ» ռեստորանից և ուղևորվել դեպի Երևան։
Արդեն Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի տարածքում, 2 ավտոմեքենաներով սպասել են Տրդատին և նրա գալուց հետո սկսվել է վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ․․․ Վիճաբանությունը եղել է «Օջախ»-ում, սակայն դանակահարությունը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում», – գրում է կայքը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Շահգալդյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն․ «Վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր»:
Կայքը հայտնում է նաև, որ կռվին մասնակցել են նաև այլ անձինք՝ Կյաժ, Մռդո մականուններով․ «Հիմա փորձում են կռվի մասնակցիները որպես դանակահարող ներկայացնել Մռդոյին, իսկ Լիսկայի տղային «ձեռի հետ էլ» փորձում են ներկայացնել որպես կռվի մասնակից»։
News.am-ի հետ զրույցում Կովալենկո Շահգալդյանը պնդել է, որ թոռանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին չի վնասվածք հասցրել:
«Շատ քիչ տոկոսով է իրականությանը համապատասխանում․․․ Որևէ բան չկա, թեթև վնասվածք է, Խաչատրյան Սուրիկի տղան էլ կապ չունի այս պատմության հետ: Կենցաղային վեճ է եղել, սուտ են տեղեկությունները, որ Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակով վնասել: Ռեստորանում ջահելների միջև վեճ է եղել»:
Սուրիկ Խաչատրյանն իր հերթին նույնպես հերքել է տեղեկությունները, թե իր որդին կապ ունի միջադեպի հետ: