Ղարաբաղյան պատերազմի վետերան, 52-ամյա Վարդան Թումանյանի իրավահաջորդները միջնորդություն կներկայացնեն դատարան՝ պահանջելով կալանավորել Թումանյանի մահվան գործով որպես մեղադրյալ անցնող Ջունգլ մականունով հայտնի Գևորգ Սարգսյանին (լուսանկարում՝ ձախից)։
Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Թումանյանի այրիի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանը։ Նման միջնորդություն ներկայացնելու պատճառն այն է, որ Գևորգ Սարգսյանը, լինելով ազատության մեջ, ըստ Թումանյանի կողմի, նոր հանցագործություն է կատարել։ Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը հայտնել էր, որ շաբաթ օրը Երևանի Տերյան փողոցում ականատես է եղել՝ ինչպես է Սարգսյանը դաժանորեն ծեծել իր կնոջը: Հովհաննիսյանի միջամտությամբ կինը տեղափոխվել էր ոստիկանության բաժանմունք։
«Խախտվել են խափանման միջոցի պայմանները։ Կալանքը կիրառվում է, երբ վտանգ կա, որ, լինելով ազատության մեջ, մեղադրյալը կարող է նոր հանցագործություններ անել»,֊ ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Սարգսյանը մեղադրվում է Թումանյանին ծեծելու մեջ։ Այդ գործով նախկինում նա կալանավորված է եղել, սակայն դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել է, թե Վարդան Թումանյանի մահը (մահացել է ծեծից մեկ օր անց) անմիջականորեն կապ չի ունեցել ծեծի հետ, Սարգսյանը ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ։
Վարդան Թումանյանի հարազատները պնդում են, որ պատկան մարմինները իրավունք չունեին ստորագրության դիմաց ազատ արձակել քրեական գործով անցնող Սարգսյանին, ինչպես միջադեպի այլ մասնակիցներին և դրա համար կաշառք են վերցնել։ Թումանյանի այրին՝ Տանյա Մելքումյանը, Epress.am֊ի հետ զրույցում պատմել էր, որ մեղադրյալներ Վիկտոր Հովսեփյանը, Սարգիս Ղուկասյանը և Գևորգ Սարգսյանը եկել էին իր ամուսնուն «տեսնելու» նրանից հետո, երբ Վարդանը շախմատ խաղալիս վիճել է իրենց պապիկի հետ։ Մահվանից հետո անցկացված առաջին փորձաքննությունը եզրակացրել էր, թե Թումանյանի մահը վրա է հասել ստացած վնասվածքների հետևանքով, սակայն, ըստ երկրորդ փորձաքննության, Վարդան Թումանյանը մահացել է, քանի որ ուներ բնածին արատ: