Դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996 թվականին ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը: Այս մասին այսօր առավոտյան հայտնել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ պաշտոնական աղբյուրը չէր հաղորդել։
Նույն օրն ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, Պոստոլոկյանն ինքնասպանություն է գործել՝ իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ արձակելով ծնոտի շրջանում:
«Նախնական տվյալներով՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի, առույգ հերթափոխի դիտորդ, նռնակաձիգի օգնական, ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը 2016 թվականի դեկտեմբերի 08-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ, որի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի՝ հանգստացող ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Հայկի Տերտերյանը, որից հետո իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում և ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է», -նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեն նշում է, որ Տերտերյանը տեղափոխվել է զինհոսպիտալ և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի առթիվ՝ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34 (հանցափորձ), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանություն) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)
Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը Armtimes.com-ի հետ զրույցում մեզ հետ զրույցում նշել է, որ մահացած զինծառայողի ընտանիքը ապրում է սոցիալապես շատ ծանր պայմաններում:
« 1993 թվականին տունը վառվել է, տուն չունեն: Էդ մարդիկ անտուն են, մի շինության մեջ տենց հարմարեցված ապրում են: Ընտանիքի հայրը երրորդ կարգի հաշմանդամ է: Ընտանիքի մյուս որդին Ռուսաստան է գնացել աշխատանքի՝ բանվորություն է անում»,- նշել է Հակոբյանը: