Home / Հայաստան / Հայաստանում խոշտանգումների գործերով մեղադրյալներ չեն լինում, տուժողները փոխհատուցում չեն ստանում

Հայաստանում խոշտանգումների գործերով մեղադրյալներ չեն լինում, տուժողները փոխհատուցում չեն ստանում

conferance

Հայաստանում խոշտանգումները և այլ դաժան վերաբերմունքը քրեականացվել են 2015 թվականին, սակայն նման դեպքերում տուժածներին պաշտպանելու, հանցագործներին պատժելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում։ Այս մասին երեկ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության նախաձեռնած քննարկման ժամանակ ասել է «Բաց հասարակություններ֊Հայաստան» ՀԿ֊ի ներկայացուցիչ Դավիթ Խաչատուրյանը։

Քննարկման համար առիթ էր հանդիսացել նոյեմբերի 24-25֊ին Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացրած Հայաստանի վերաբերյալ 4֊րդ պարբերական զեկույցը։

Խաչատուրյանն ընդգծել է, որ պաշտոնյաների կողմից խոշտանգման դեպքերի պարագայում մեղադրյալներ սովորաբար չեն լինում, մինչդեռ 316֊րդ հոդվածով, որը վերաբերում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն, մեղադրյալներ հեշտ են ներգրավվում։

«Մեղադրյալին և վկաներին խոշտանգելու միջոցով ձեռք բերված ապացույցներին վերաբերող միջնորդություններին դատարանն անդրադառնում է երկու ձևով։ Կամ հայտարարում է, որ դրան կանդրադառնա դատավճռով, կամ կասեցնում է գործի քննությունը և հաղորդումը ուղարկում ՀՔԾ՝ քննության։ Այս երկրորդը ձևական է, քանի որ մայր գործը քննելիս դատարանը չի կարող սպասել մինչև խոշտանգումների մասով գործը կավարտվի»,֊ ասել է իրավաբանը։

Նա ընդգծել է, որ դատարանը պետք է անթույլատրելի համարի այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել խոշտանգումների միջոցով։

Զեկուցողի կարծիքով՝ տուժողների պաշտպանության համար կարևոր է նաև փոխհատուցման ինստիտուտի գործելը, ընդ որում՝ տուժողը պետք է փոխհատուցում ստանա անկախ նրանից, թե հանցանքը կատարած պաշտոնյան հայտնաբերվել է, թե ոչ։

Փոխատուցման ինստիտուտի բացակայությանն անդրադարձել է նաև իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը․ «Եթե մարդու իրավունքները խախտվել են, հնարավոր չէ, որ նա բարոյական վնաս կրած չլինի։ Իսկ մեզ մոտ ոչ նյութական վնասի փոխհատուցման մեխանիզմ չկա»։

Զեյնալյանը նշել է՝ թեև Հայաստանում կա «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 104 հոդվածը՝ ոչ գույքային վնասի հատուցման հիմքերի մասին, չկան դեպքեր, որ ոստիկանությունն իր իսկ գործունեությունը ճանաչի ոչ իրավական, և տուժածին փոխհատուցում տրվի։

Նշենք, որ հանրային քննարկմանը հրավիրված են եղել նաև Արդարադատության նախարարության, Ոստիկանության, Դատախազության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, սակայն նրանք չէին ներկայացել։ Պետական մարմիններից ներկա է եղել և ելույթ ունեցել միայն Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ Վարուժան Ղահրամանյանը, ով վիճակագրույթուն է ներկայացրել, թե իրենց կողմից քանի գործ է ուղարկվել դատարան, քանիսը՝ կարճվել։