«Սասնա ծռեր» խմբի անդամ, ղարաբաղյան պատերազմի վետերան Պավել Մանուկյանի հաշմանդամության նպաստը դադարել են վճարել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ Մանուկյանը գրանցված է Լեռնային Ղարաբաղում, նա սովորաբար կամ գնացել է այնտեղ նպաստը ստանալու, կամ լիազորագիր է տվել հարազատներից մեկին՝ դա անելու համար։
«Այժմ, քանի որ Պավել Մանուկյանը գտնվում է կալանքի տակ, նա չի կարող գնալ, իսկ լիազորագրով այլևս նպաստը չեն տալիս։ Մենք խնդրել ենք, որ հաշվեհամարին փոխանցեն, դա էլ չեն անում»,֊ ասել է Հարություն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ն, որտեղ գտնվում է Մանուկյանը, ևս գրություն է տրամադրել՝ փաստելու համար, որ նա այս պահին բուժում է ստանում։ Բաղդասարյանի խոսքով՝ հաշմանդամության նպաստը կազմում է մոտավորապես 100 հազ. դրամ։
Փաստաբանից հետաքրքրվեցինք նաև Մանուկյանի առողջական վիճակի մասին։
«Նրա վիճակում մեծ դրական փոփոխություն չկա։ Ձմեռը վատ է անդրադառնում․․․ Արամ Մանուկյանը (Պավել Մանուկյանի հետ նույն օրը վիրավորված նրա որդին) համեմատաբար լավ է, կարողանում է կաղալով քայլել առանց հենակների ։ Բայց և՛ Արամը, և՛ Պավելն իրենց առողջական վիճակից չեն դժգոհում, միայն երկրի վատ վիճակից է իրենց դժգոհությունը»,֊ ասել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Պավել և Արամ Մանուկյանները այս տարվա հուլիսի 17-ին Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներ են։ Նրանք վիրավորվել էին հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը։ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողներին ասել էր, որ Պավել Մանուկյանի վրա ոստիկանները կրակել են այն ժամանակ, երբ նա փորձել է նրանց հանձնել խմբի վիրավոր անդամներից մեկին։