«Նաիրիտ» գործարանի 261 աշխատակիցները մինչև այս ամսվա վերջին աշխատանքային օրը կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը, իսկ մնացած 3 ամսվա չվճարված աշխատավարձը նրանց կտան, երբ գործարանից որևէ գույք կվաճառվի։ Epress.am-ի հետ զրույցում գործարանի աշխատակից Վրեժ Սարգսյանն ասել է, որ այս մասին իրենց հայտնել է «Նաիրիտ» ընկերության սնանկության հարցերով կառավարիչ Կարեն Ասատրյանը։ Նա հավելել է, սակայն, որ իրենք հույսեր չեն կապում, թե ամբողջապես կստանան իրենց գումարները։ Նշենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում նաիրիտցիները մի քանի բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով իրենց աշխատավարձը։
«Մենք այսօր խոսել ենք սնանկության կառավարչի՝ Ասատրյանի հետ։ Խոստացել ենք մինչև Նոր տարի քայլեր չձեռնարկենք, միտինգ չանենք, ճանապարհ չփակենք։ Բայց պայմանավորվածությունը մինչև նոր տարի է, եթե չկատարեն իրենց խոստումները, նորից կսկսենք ճանապարհ փակել», – ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ եթե անգամ գործարանից ինչ-որ գույք էլ վաճառվի մինչև փետրվարի 14-ը, իրենց աշխատավարձերը հաստատ չեն վճարելու, քանի որ պետք է դատական նիստ լինի և դատարանը հաստատի, որ «Նաիրիտ» գործարանը պարտք է 4 ամսվա աշխատավարձ։
«Սնանկության կառավարիչն արդեն դառնալու է գործարանի փաստացի տեր, ինքը պարտավորվում է վճարել ընթացիկ աշխատավարձը։ Մեր 3 ամսվա աշխատավարձի պարտքը դառնում է 3-րդ կարգի։ Այսինքն՝ 1-ը՝ վճարվում են ընթացիկ աշխատավարձերը, 2-րդ՝ նպաստառուներինը, 3-րդ՝ մերը», – նշել է «Նաիրիտ»-ի աշխատակիցը։